Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված չեն քաղաքական պատճառների հետ․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են ոչ թե քաղաքական պատճառների, այլ որակի ներքին վերահսկողության համակարգի թերությունների հետ։
«Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նա այսպես է մեկնաբանել Երևանից հնչող հայտարարությունները ռուսական կարգավորողի որոշումների քաղաքականացվածության մասին։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի գյուղատնտեսության մեջ համագործակցության և արտադրական վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունը։
«Այնտեղ մեծ թվով մանր ֆերմերներ կան, որոնք արտադրանք են աճեցնում և այն արտահանում։ Սակայն արտադրության և բեռնման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և համագործակցության համակարգը։ Հազարավոր կապ կանաչեղեն հավաքվում է մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է», - համարում է նա։
Ինչպես նշել է կարգավորող մարմնի ղեկավարը, վերահսկողությունը պետք է սկսվի ոչ թե սահմանին, այլ անմիջապես արտադրության փուլում։
«Երբ գոյություն ունի համագործակցություն, արտադրական վերահսկողություն, արտադրողների միավորումների պատասխանատվություն, այդ ժամանակ համակարգն արդյունավետ է աշխատում։ Հենց դա է այսօր պակասում։ Ուստի սահմանափակումների պատճառները գտնվում են արտադրանքի որակի և անվտանգության հարթությունում, ոչ թե քաղաքականության», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Դանկվերտը հայտարարել է, որ ռուսական գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները հայկական սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ և նրան չի համարում առաջացած խնդիրների պատճառ։
Ռոսսելխոզնադզորի ղեկավարի խոսքով՝ սահմանափակումներ մտցնելու մասին որոշումները կայացվում են ձեռնարկությունների բազմամյա աշխատանքի պատմության, լաբորատոր հետազոտությունների տվյալների և արտադրանքի անվտանգության վերահսկողության արդյունքների հիման վրա։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի կողմից մտցված սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ ռուսական կարգավորողները սահմանափակումներ էին մտցրել նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի և ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակների մատակարարումների վրա։
Ռոսսելխոզնադզորում սահմանափակումների պատճառ են անվանել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։