ԵՄ–ն Հայաստանին հատկացրել է 34 մլն եվրո բիզնեսին աջակցելու համար՝ ՌԴ–ի կողմից առևտրային սահմանափակումների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, նշվում է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության կայքում։
Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։
ԵՄ պատվիրակությունից նշել են, որ առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։
«Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է», – նշել է Կոսը։
Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։
ՌԴ–ում Հայաստանից մատակարարվող արտադրանքի սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը։
Գերատեսչությունում որպես պատճառ են նշել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։
Դեպի ԵՄ հայկական արտահանման խթանման մասին
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր Հայաստանից դեպի ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման աջակցության ծրագրերի մշակման մասին։ Նրա խոսքով՝ միջոցառումների թվում են տրանսպորտային ծախսերի, մաքսատուրքերի, իսկ առանձին դեպքերում՝ մտավոր սեփականության հետ կապված ծախսերի փոխհատուցումը։
Պապոյանը նաև հայտնել է, որ դեպի Եվրամիություն հայկական արտահանումն արդեն կրկնապատկվել է, սակայն իշխանությունները մտադիր են ավելի ակտիվորեն զարգացնել այս ուղղությունը և նպատակ են դնում մինչև տարեվերջ այն ավելացնել 4-5 անգամ։