Wildberries-ը հույս ունի հայկական ապրանքների վաճառքի հետ կապված իրավիճակի փուլային կարգավորման վրա
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/ԱՌԿԱ/․ Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) պարզաբանել է այն իրավիճակը, որը «պայմանավորված է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ»։
Համաձայն այսօր ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված հրապարակումների՝ Wildberries-ում հայ արտադրողների արտադրանքի վաճառքը դադարեցվել էր առանց որևէ բացատրության։
«Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։
Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները»,- ասված է «Wildberries Արմենիա» ընկերության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։
Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։
Ընկերությունից հավաստիացրել են, որ բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։
«Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,- հայտարարել են Wildberries-ում։