Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 1, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

«ԱՌԿԱ»–ն 30 տարեկան է․ ինչպես պահպանել վստահությունը, երբ փլուզվում են մոդելները

Այսօր, 12:00
2026 թվականի մայիսի 1-ին «ԱՌԿԱ» գործակալությունը դառնում է 30 տարեկան
«ԱՌԿԱ»–ն 30 տարեկան է․ ինչպես պահպանել վստահությունը, երբ փլուզվում են մոդելները

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մայիսի 1-ին «ԱՌԿԱ» գործակալությունը դառնում է 30 տարեկան։

Հետխորհրդային տարածքի ցանկացած մեդիայի, առավել ևս Հայաստանի համար, սա պարզապես ամսաթիվ չէ։ Սա ուղի է դարաշրջանների փոփոխության, ճգնաժամերի, տեխնոլոգիական բեկումների, պատերազմների, տնտեսական ցնցումների և այն հարցին նորովի պատասխանելու մշտական անհրաժեշտության միջով, թե հանուն ինչի ես շարունակում անել քո գործը։

Մենք սկսել ենք 1996 թվականին՝ փոքր խմբով, լի էնտուզիազմով, այն զգացումով, որ կարող ենք ամեն ինչ, և, իհարկե, չպատկերացնելով, թե ինչպիսի դժվարություններ են մեզ սպասվում առջևում։ Եվ լավ է, որ չէինք պատկերացնում, այլապես կարող էինք պարզապես հուսահատվել։

Այն ժամանակ Հայաստանում մենք շուկայի չորրորդ գործակալությունն էինք։ Բայց հենց սկզբից հասկանալի էր. եթե պարզապես կրկնենք ուրիշներին, մենք սեփական դեմք չենք ունենա։ Ուստի ընտրեցինք մեր ուղին, ստեղծեցինք տնտեսական տեղեկատվության գործակալություն։ Դա գիտակցված որոշում էր՝ չզբաղվել հասարակական-քաղաքական նորություններով, այլ զբաղեցնել այն հատվածը, որն այն ժամանակ նոր էր ձևավորվում՝ նոր հայկական տնտեսության հետ մեկտեղ։

Դա յուրահատուկ ժամանակ էր։ Ձեռնարկատիրությունը երկրում նոր էր սաղմնավորվում։ Բանկերն անում էին իրենց առաջին քայլերը, բիզնեսը սովորում էր ապրել նոր պայմաններում, մեդիան նույնպես փնտրտուքների մեջ էր։ Բոլորն առաջամարտիկներ էին։ Յուրաքանչյուրն իր ոլորտում ստեղծում էր ոչ թե պարզապես ընկերություն կամ պրոդուկտ, այլ նոր պրոֆեսիոնալ մշակույթ։

Հավանաբար, հենց ժամանակի այդ զգացողությունն էլ ձևավորեց «ԱՌԿԱ»-ն։ Մենք աճում էինք ոչ թե պատրաստի համակարգում, այլ դրա հետ միասին։

Առաջին լուրջ ցնցումը. ինտերնետ

Մեզ համար առաջին մեծ մարտահրավերներից մեկը դարձավ ինտերնետի հայտնվելը։

Շատերի համար կողքից դա երևում էր որպես բնական տեխնոլոգիական առաջընթաց։ Մեդիայի համար դարձավ շատ ավելի խորը բեկում։ Փլուզվեց բաժանորդագրության վրա հիմնված եկամտաբերության սովորական մոդելը։ Նորությունները դառնում էին հասանելի բոլորին, և դրա հետ մեկտեղ եկավ հիասթափություն. այն, ինչ նախկինում պրոֆեսիոնալ պրոդուկտ էր, ինչ-որ պահի սկսեց ընկալվել որպես անվճար սովորական երևույթ։

Առաջացավ նաև մեկ այլ մտավախություն. եթե նորությունները հասանելի են բոլորին, դրանց համար վճարողները գնալով կքչանան, իսկ մրցակիցները կշատանան փոքր և, ըստ էության, չկարգավորվող շուկայում։

Բայց սեփական աշխատանքի իմաստը կորցնելու վախ մենք երբեք չենք ունեցել։ Պատրաստ էինք սովորել, հարմարվել, վերակառուցվել՝ նոր տեխնոլոգիական պայմաններին համապատասխան։ Եվ, հավանաբար, հենց դա օգնեց մեզ դիմանալ. չկառչել հին ձևից միայն այն պատճառով, որ դա սովորական էր, այլ փնտրել աշխատանքի նոր տրամաբանություն՝ չդավաճանելով սեփական սկզբունքներին։

Երբ տեղեկատվությունը չափազանց շատ է, ավելի կարևոր է պահպանել վստահությունը

Այնուհետև եկավ հաջորդ փուլը. ինտերնետը հեղեղվեց անթիվ կայքերով, հարթակներով, լրահոսերով, պատահական դերակատարներով։ Տեղեկատվությունը ոչ թե պարզապես շատացավ, այլ դարձավ չափազանց շատ։

Հետո հայտնվեցին սոցիալական ցանցերը, և դա ևս մեկ ուժեղ հարված էր ավանդական ԶԼՄ-ներին։ Սկզբում դրանք թվում էին նոր հնարավորություն՝ արագ հասանելիություն լսարանին, ուղիղ կապ ընթերցողի հետ, առաջխաղացման նոր ձևաչափեր։ Բայց բավականին արագ պարզ դարձավ, որ մեդիաները կրկին հայտնվեցին կախվածության մեջ օտար ենթակառուցվածքներից։

Խմբագրությունները ռեսուրսներ էին ներդնում էջերի զարգացման մեջ, բովանդակությունը հարմարեցնում էին ալգորիթմներին, սովորում էին ապրել հարթակների կանոններով, իսկ արդյունքում գնալով ավելի էին կորցնում վերահսկողությունը տարածման և մոնետիզացիայի նկատմամբ։ Սոցցանցերը խլեցին լսարանի ուշադրության և գովազդային գումարների զգալի մասը, իսկ ավանդական ԶԼՄ-ները հաճախ հայտնվում էին բովանդակություն մատակարարողի դերում այնպիսի հարթակների համար, որոնք իրենք էին որոշում՝ ում, երբ և ինչ ծավալով ցուցադրել այդ բովանդակությունը։

Այսօր այս մարտահրավերներին ավելացել է նորը՝ արհեստական բանականությունը։ Այն կրկին փոխում է խաղի կանոնները մեդիայի համար. որոնման մի մասը տեղափոխվում է AI-ծառայություններ, օգտատերը գնալով ավելի հաճախ ստանում է պատրաստի պատասխան առանց կայք անցնելու, իսկ խմբագրությունների բովանդակությունը ռիսկի է դիմում դառնալ հումք օտար տեխնոլոգիական հարթակների համար։ ԶԼՄ-ների համար սա տրաֆիկի, մոնետիզացիայի և լսարանի հետ ուղիղ կապի կորստի նոր ռիսկ է։

Բայց միևնույն ժամանակ սա որակի նոր թեստ է։ Եթե տեղեկատվության դեֆիցիտի դարաշրջանում գլխավոր արժեքը հենց նորությունն էր, իսկ սոցցանցերի դարաշրջանում՝ արագությունն ու ընդգրկումը, ապա այժմ գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում առաջնայնությունը, ստուգումը, պրոֆեսիոնալ փորձաքննությունը և աղբյուրի հեղինակությունը։

Այս նոր իրականության մեջ վերջնականապես պարզ դարձավ, որ մեդիան այլևս չի կարող գոյություն ունենալ պարզապես որպես խմբագրություն՝ հին ընկալմամբ։ Այլևս բավարար չէ միայն նորություններ արտադրել։ Պետք է կարողանալ աշխատել տեղեկատվական հոսքի հետ որպես համակարգի՝ վերլուծել, կառուցվածքավորել, ճիշտ փաթեթավորել, հասցնել անհրաժեշտ լսարանին և վերածել արժեքի։

Մեդիա աշխարհը տեղեկատվության դեֆիցիտից գնում էր դեպի դրա ավելցուկ, տարածման վերահսկողությունից դեպի հարթակների գերիշխանություն, նորությունից՝ որպես պրոդուկտ, դեպի տեղեկատվություն՝ որպես ենթակառուցվածք։ Այս պայմաններում գոյատևում են ոչ թե նրանք, ովքեր պարզապես ավելի արագ են գրում, այլ նրանք, ովքեր կարողանում են պահպանել որակը, վստահությունն ու իմաստը։

Ամենածանր տարիները

30 տարվա ընթացքում «ԱՌԿԱ»-ն ունեցել է բավականին շատ դժվար ժամանակաշրջաններ։ Բայց համավարակը և Արցախյան 44-օրյա պատերազմը դարձան, թերևս, ամենածանր փորձությունը։

Համավարակը մեզ հարվածում էր տնտեսապես։ Մենք կորցնում էինք եկամուտ, հաճախորդներ, կայունություն։ Բայց պատերազմը սպառեց արդեն ոչ միայն բիզնեսը, այլև ներքին մարդկային ռեսուրսը։ Կար դատարկության զգացում, աշխատանքը շարունակելու ցանկություն չկար։ Մարդիկ գերլարվածությունից չէին դիմանում և հեռանում էին։ Ինչ-որ պահի ցանկություն կար պարզապես ամեն ինչ փակել և ընդհանրապես չզբաղվել մեդիայով։

Զրույց, որից հետո շնչելն ավելի հեշտացավ

Ինչ-որ պահի ես հասկացա, որ պետք է դուրս գալ այդ թմբիրից։

Հավաքեցի թիմին և ուղղակի հայտարարեցի. կա՛մ մենք այսուհետ ևս մնում ենք այս վիճակում, և այդ դեպքում ավելի ազնիվ կլինի պարզապես տուն գնալ, կա՛մ առաջ ենք շարժվում և ընդունում, որ և՛ մենք, և՛ մեր երկիրն ունենք ապագա։

Դա ազնիվ, ոչ հեշտ զրույց էր։ Բայց հենց նման պահերին է շատ բան իր տեղն ընկնում։

Այն ժամանակ մենք մեր նոր հատուկ նախագծերից մեկն անվանեցինք «Հայաստան. ապագա կա»։ Ինձ համար դա պարզապես անվանում չէր։ Դա ներքին ընտրություն էր։ Հրաժարում անշարժացած վիճակում մնալուց։ Առաջ շարժվելու որոշում, նույնիսկ եթե ուժերը գրեթե սպառվել են։

Եվ գործընկերներս սատարեցին ինձ։ Մենք կարողացանք հաղթահարել այդ վիճակը։

Կողքիս միշտ եղել են կինս՝ իմ ընկերն ու զինակիցը, և իմ թիմը։ Կյանքիս ծանր ժամանակաշրջաններում նրանց աջակցությունը վճռորոշ եղավ։ Հենց նրանց հավատը, նրանց՝ կողքիս մնալու և առաջ գնալու պատրաստակամությունը դարձան գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու «ԱՌԿԱ» գործակալությունը դիմակայեց և մնաց կանգուն։

Ինչ են իրականում սովորեցնում 30 տարիները մեդիայում

Այս տարիների ընթացքում ես մի քանի բան հասկացա։

Նախ՝ չի կարելի կանգ առնել զարգացման մեջ։ Աշխարհը չափազանց արագ է փոխվում երեկվա փորձով ապրելու համար։ Պետք է անընդհատ աշխատել սեփական անձի վրա, հետևել թրենդներին, զգալ միտումները, սովորել ավելի վաղ, քան հանգամանքները կստիպեն դա անել։

Երկրորդ՝ առաջնորդությունը նախևառաջ պատասխանատվություն է։ Ոչ թե բարձրագոչ խոսքեր, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ, այլ որոշումներ կայացնելու ունակություն այն պահին, երբ լիակատար հստակություն չկա, իսկ հետևանքները վերաբերում են ոչ միայն քեզ։

Երրորդ՝ ամենակարևորը մարդիկ են։ Կարելի է փոխել մոդելները, հարթակները, տեխնոլոգիաները, ձևաչափերը, բայց ցանկացած կայուն գործի հիմքում միևնույնն է մնում է պրոֆեսիոնալների թիմը։

Թերևս, իմ անձնական գլխավոր եզրակացություններից մեկը հնչում է այսպես. ավելի լավ է անել և զղջալ, քան չանել և հետո զղջալ ամբողջ կյանքում։

Ինչու է վստահությունը գլխավոր կապիտալը

Եթե ինձ հարցնեն, թե ինչն եմ համարում «ԱՌԿԱ»-ի գլխավոր ձեռքբերումը 30 տարվա ընթացքում, ես չէի խոսի առաջին հերթին թվերի, ընդգրկման կամ նախագծերի մասին։

Ամենակարևորը՝ մենք ստեղծել ենք որակյալ լրագրության մեր դպրոցը։

Ինձ համար որակյալ լրագրությունը ճշգրտությունն է, պատասխանատվությունը, պրոֆեսիոնալ էթիկան, խորությունը, հարգանքն ընթերցողի նկատմամբ, փաստերի ստուգումը, տեղեկատվության հետ աշխատելու կարգապահությունը։

Մեր գլխավոր խմբագրական կանոնը այս բոլոր տարիներին մնացել է անփոփոխ. արագություն՝ ոչ ի հաշիվ որակի։

Նորության վերիֆիկացումը և փաստերի ստուգումը , չստուգված տեղեկատվություն չհրապարակելը պարզապես խմբագրական տեխնոլոգիա չէ։ Դա հեղինակության հարց է։ Այս տարիների ընթացքում մեր գլխավոր ակտիվը դարձել են փորձագիտությունը և վստահությունը։

Բայց 30 տարվա ընթացքում «ԱՌԿԱ»-ն դարձել է ոչ միայն լրատվական գործակալություն։ Մենք մեր շուրջը ձևավորել ենք պրոֆեսիոնալ տեղեկատվական միջավայր, որն աշխատում է բիզնեսի, բանկերի, ֆինանսական հատվածի, ներդրողների, միջազգային կազմակերպությունների և բոլոր նրանց համար, ովքեր որոշումներ են կայացնում որակյալ տեղեկատվության հիման վրա։

Այսօր «ԱՌԿԱ»-ն միայն ամենօրյա լրահոսը չէ։ Դա տնտեսության, բանկերի, ընկերությունների, կարգավորողների և շուկաների մոնիտորինգ է։ Դրանք վերլուծական պրոդուկտներ են, շաբաթական տեսություններ, ոլորտային վերլուծություններ, բանկային և ֆինանսական դայջեսթներ, վարկանիշեր, հատուկ նախագծեր և անհատական լուծումներ հաճախորդների համար։ Մեր խնդիրն է ոչ միայն արձանագրել իրադարձությունները, այլև բացատրել, թե դրանք ինչ են նշանակում շուկայի, ընկերությունների և պրոֆեսիոնալ լսարանի համար։

Հենց այդ պատճառով ես գնալով ավելի շատ եմ մտածում մեդիայի մասին ոչ թե պարզապես որպես խմբագրության, այլ որպես ենթակառուցվածքի։ Եթե քո տեղեկատվությանը վստահում են, եթե դրա հիման վրա որոշումներ են կայացնում բիզնեսը, բանկերը, ինստիտուտները և միջազգային գործընկերները, նշանակում է՝ դու արդեն պարզապես նորություններ չես հրապարակում։ Դու դառնում ես այն համակարգի մասը, որի վրա հենվում է պրոֆեսիոնալ միջավայրը։

Տեղեկատվությամբ գերհագեցած աշխարհում վստահությունը դառնում է գրեթե միակ իսկապես հազվագյուտ արժեքը։ Այն հնարավոր չէ գնել, հնարավոր չէ պատճենել, հնարավոր չէ կառուցել մեկ հաջողված նախագծով։ Այն կուտակվում է տարիների ընթացքում և ստուգվում է, առաջին հերթին, ճգնաժամի ժամանակ։

Եվ հենց դրա մեջ եմ ես տեսնում «ԱՌԿԱ»-ի ապագայի իմաստը։

Կոնստանտին Պետրոսով

«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն