Հայաստանը չի ձգտում «ամուսնալուծության» Ռուսաստանից. ՀՀ ԱԺ խոսնակը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ապահարզանի համար»:
«Մենք նման նպատակ չունենք, ալիմենտ ուզելու նպատակ չունենք, երեխեքին կիսելու նպատակ այս պահին չունենք ու նման խոսակցություններին դեմ ենք», - ասաց Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԴ-ից անջատվելու մասին լրագրողի հարցին։
ԱԺ նախագահը խորհուրդ տվեց «փոթորիկ չսարքել բաժակի մեջ»:
«Ինքն իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք։ Կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի բան նրանք կառաջարկեն, մի բան մենք կառաջարենք: Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարզան», - ասել է Սիմոնյանը:
Հայաստան-ԵՄ. գլխավորը
2025 թ․-ի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրեց նախագահը։
2025 թ․-ի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատեցին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարեցին, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, սակայն առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կկատարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թ․-ի մայիսի 4-ին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցում էին ԵՄ երկրների, Եվրոպայի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված էր որպես «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»: