Քերոբյան.Արմավիրի մարզի գյուղերից մեկում 3մլն դոլար արժողությամբ ջրային պարկ և ժամանցային համալիր է կառուցվում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում կկառուցվի նոր ջրային պարկ և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր, ներդրումները կկազմեն 3մլն դոլար, ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր, ներդրողը նախատեսում է ուղղել 3մլն դոլար։
«Նախօրեին ես այցելեցի Դաշտ, որտեղ ստեղծվում է ջրային պարկ և տուրիստական հետաքրքիր կենտրոն, որտեղ 160 անձ աշխատատեղ է ունենալու ոչ գյուղատնտեսության մեջ։ Այսինքն՝ մենք փորձում ենք այնպես անել, որ մարդիկ պարտադրված չլինեն փոքր հողակտորների վրա իրենց գոյությունը պահպանել, այլ ունենան այլընտրանքներ», – ասաց Քերոբյանը` չհայտնելով այլ մանրամասներ։
Նրա խոսքով, նման ներդրումների օրինակները շատ են, ներդրողները չեն սպասում ընտրական կամ այլ գործընթացների ավարտին, այլ հետևողականորեն իրականացնում են իրենց ծրագրերը։
«Կարող եմ ամեն օր պատմել ներդրումների մասին, բայց կան մարդիկ, ովքեր ուզում են ստեղծել ֆոն, որ երկրում ամեն ինչ վատ է», – ասաց Քերոբյանը։–0–