Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԿԸՀ–ն պարզաբանել է, թե ինչու վերաքվեարկություն չի նշանակվում երեք տեղամասերում, որտեղ արդյունքները անվավեր էին ճանաչվել

Այսօր, 11:02
ԿԸՀ պարզաբանումը՝ 3 տեղամասում վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
ԿԸՀ–ն պարզաբանել է, թե ինչու վերաքվեարկություն չի նշանակվում երեք տեղամասերում, որտեղ արդյունքները անվավեր էին ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել պարզաբանմամբ, թե ինչու 3 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով վերաքվեարկություն նշանակվի։

Ըստ ԿԸՀ-ի՝ նման որոշում կայացնելիս հանձնաժողովը պետք է առաջնորդվի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը՝ ընտրելով այն միջոցը, որը չի առաջացնի ավելի մեծ աղավաղում, քան եղած խախտումն է։

«Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։

Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)։

Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)», - նշված է հայտարարության մեջ։

Հանձնաժողովը հղում է անում Վենետիկի հանձնաժողովին, որը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։

«2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն․ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության (tactical voting) հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք»,- ընդգծում է ԿԸՀ-ն։

Պարզաբանման մեջ շեշտվում է, որ խնդիրն ակնհայտ է նաև հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից, քանի որ վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։ Այս հարցում առանցքային է համարվում նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։

«Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։ Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը», - նշված է հայտարարության մեջ։

ԿԸՀ-ն պարզաբանում է, որ եթե վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Ըստ կառույցի՝ վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել, այլ նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։ Հանձնաժողովը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունքներով՝ որպես ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին: 

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Համաձայն հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 3,989%-ը և չի հաղթահարել ԱԺ անցնելու նվազագույն շեմը։