Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային պարտավորություն է. Զոհրաբ Մնացականյան

24.04.2019, 12:31
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային պարտավորություն է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնում է, այլ նաև ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ:

Մնացականյանը նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային պարտավորություն է, և Հայաստանը ջանք չի խնայում դրա իրավական մեխանիզմների ամրապնդման համար:

Հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա Հայաստանը, օգտագործելով իր հեղինակությունը, պարտադրի Թուրքիային բացել սահմանները, արտգործնախարարը պատասխանեց․ «Դուք լսում և տեսնում եք այն ամենը, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից: Եվ դրանք շատ հուսադրող չեն»:

Դիտարկմանը, թե այդ գործընթացի համար նախապայման է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա արձագանքեց․ «Երբևէ չենք ասել, որ դա նախապայման է»:

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։

1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–