Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՀ–ն գործարկում է նոր ծրագիր Հայաստանի հետ․ բարեփոխումներ, ֆինանսական կայունություն, ռիսկեր և աճի ներուժ

Այսօր, 16:09
«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատն անդրադարձել է նոր ծրագրի առաջնահերթություններին
ԱՄՀ–ն գործարկում է նոր ծրագիր Հայաստանի հետ․ բարեփոխումներ, ֆինանսական կայունություն, ռիսկեր և աճի ներուժ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր է մեկնարկում 2025–2028 թվականների համար, որը կդառնա երկրի տնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշը առաջիկա տարիներին։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատն անդրադարձել է նոր ծրագրի առաջնահերթություններին, մակրոտնտեսական կայունության ապահովման գործում դրա դերին, բյուջետային տարածքի ընդլայնմանը, ֆինանսական համակարգի ամրապնդմանը և կառուցվածքային բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև հայկական տնտեսության աճի ներուժին և դիմակայունությանը, երկրի համար առկա ռիսկերին ու հնարավորություններին։

«ԱՌԿԱ»․ ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում վերանայել է աճի հեռանկարը. Ձեր կարծիքով՝ որո՞նք են վերանայման հիմքում ընկած հիմնական գործոնները։ Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, պոտենցիալ աճի ավելի երկարաժամկետ հեռանկարը:

Ու․ Ռավատ․ մենք աճի դրական հեռանկար ենք տեսնում։ Իշխանությունների ճկուն քաղաքականությունների և աշխատուժի ու կապիտալի ներհոսքերի շնորհիվ՝ անցած երեք տարիներին իրական ՀՆԱ-ի միջին տարեկան աճը գրեթե 9 տոկոս է կազմել, չնայած համաշխարհային անորոշ միջավայրի պայմաններում մի շարք ցնցումներին։ Այս տարի աճը նվազում է դեպի ավելի կայուն մակարդակ, ընդ որում ԱՄՀ-ի վերջին զեկույցի կանխատեսմամբ՝ 2025 թ.-ին աճը կկազմի 5 տոկոս։ Նայելով ապագային՝ թե՛ 2026 թ․, թե՛ 2027 թ.-ին կանխատեսում ենք փոքր-ինչ ավելի բարձր՝ մոտ 5½ տոկոս աճ, արտացոլելով ոսկու նոր խոշոր հանքում արտադրության տեմպի արագացումը։

Երկարաժամկետ հեռանկարում կարծում ենք, որ Հայաստանի աճի ներուժը տարեկան մոտավորապես 5 տոկոս է։ Այն որոշ չափով բարձր է մեր նախկին վերլուծությունների համեմատ՝ արտացոլելով ավելի բարձր աճին նպաստող կառուցվածքային զարգացումները, ինչպիսիք են, օրինակ՝ ԱՄՀ հաջորդական ծրագրերի օժանդակությամբ տնտեսական բարեփոխումների իրականացումը, Ռուսաստանից բարձր որակավորմամբ աշխատողների մեծ համայնքի ներգաղթը, տնտեսության մեջ մեծ թվով փախստականների ինտեգրումը և խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլերի իրականացումը։ 

«ԱՌԿԱ»․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են հեռանկարի վրա ազդող հիմնական ռիսկերը, Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ կան, հատկապես՝ ավելի դրական աշխարհաքաղաքական միջավայրում։

Ու․ Ռավատ․ իհարկե ցանկացած հեռանկար ռիսկերի և անորոշության է ենթակա։ Բացասաբար ազդելու առումով՝ համաշխարհային առևտրի և ներդրումների նվազման ռիսկ ենք տեսնում, որը հանգեցնում է հիմնական առևտրային գործընկերների մոտ ավելի դանդաղ աճի, ինչը կպակասեցնի Հայաստանից արտահանման նկատմամբ պահանջարկը։ Բացի այդ, տարածաշրջանում լարվածության վերսկսումը և աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են հանգեցնել փոխարժեքի անկայունության՝ հնարավոր բացասական ազդեցություն ունենալով սպառման, առևտրի և բնակարանային շուկայի վրա։

Դրական ազդեցության առումով՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի արագ իրականացումը և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը կարող են տարածաշրջանում համագործակցությունը բարելավել։ Հայաստանի հարավում տարանցիկ երկաթուղու և ճանապարհային հաղորդակցությունների կառուցման, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ մեկտեղ, այս նախագծերը կարող են օժանդակել Հայաստանի ավելի բարձր տնտեսական աճին՝ լոգիստիկ փոխադրման ծախսերի նվազեցման և առևտրի ծավալների մեծացման միջոցով։ Բիզնես միջավայրի և աշխատաշուկայի բարելավման բարեփոխումների նախատեսվածից արագ իրականացումը կարող է աճը խթանել, հատկապես՝ միջնաժամկետ հեռանկարում։

«ԱՌԿԱ»․ որո՞նք էին վերջերս ավարտված՝ 2022-25 թթ. ԱՄՀ ծրագրի ներքո բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպիսի՞ն է եղել բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության կողմից, ի՞նչն եք համարում երկարաժամկետ հավանական ազդեցություն։

Ու․ Ռավատ․ ԱՄՀ-ի վերջերս ավարտված ծրագրի շրջանակում մենք բարձր կատարողական ենք արձանագրել։ Չնայած տնտեսությանը հարվածել են զգալի արտաքին ցնցումները, Հայաստանի իշխանությունները պահպանել են հարկաբյուջետային կարգապահությունը և կառավարության պարտքը պահել են կայուն մակարդակում։ Նրանք նաև արագ հաղթահարել են Ուկրաինայի պատերազմին հաջորդած գնաճային ճնշումները։ Միևնույն ժամանակ, իշխանությունները բարձրացրել են տնտեսության դիմակայունությունը ապագա ցնցումների նկատմամբ՝ ավելացնելով միջազգային պահուստները և ուժեղացնելով Հայաստանի բանկային համակարգը։ Նրանք առաջ են մղել նաև ավելի մեծ թվով աշխատատեղեր և բիզնեսներ ստեղծելու միջոցառումները։

Այս ձեռքբերումներին նպաստել են կայուն քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Հարկաբյուջետային ուղղությամբ՝ ձեռնարկվել են հարկերի հավաքագրումն արդիականացնելու և հարկային եկամուտներն ավելացնելու քայլեր, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ գումար ծախսել առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ ազգային անվտանգության, սոցիալական ծրագրերի և ենթակառուցվածքներում ներդրումների վրա։ Միևնույն ժամանակ, բյուջեի պլանավորումը և կատարումը բարելավվել է՝ տալով միջնաժամկետ ավելի լավ պլանավորման հնարավորություն։ Դրամավարկային ուղղությամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) որդեգրել է ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ քաղաքականության վերաբերյալ իր որոշումներն ուղղորդելու, գնաճի կանխատեսման իր կարողությունը կատարելագործելու և դրամավարկային քաղաքականության վերաբերյալ իր որոշումների թափանցիկությունը բարձրացնելու համար։ Օրինակ՝ վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքի վերաբերյալ վերջին որոշմանը հանգեցրած բոլոր համապատասխան նյութերը կարելի է գտնել ՀՀ ԿԲ կայքէջում։ Կենտրոնական բանկը պահանջել է նաև, որ բանկերը մեծացնեն իրենց ֆինանսական բուֆերները՝ դիմակայելու բացասական տնտեսական և ֆինանսական ցնցումներին և կանոնավոր սթրես-թեստեր է անցկացրել՝ ռիսկերը մշտադիտարկելու համար։

Ի վերջո, կառավարությունը սահմանել է աշխատուժի մասնակցությունն ավելացնելու և արտահանման բազմազանեցման խոչընդոտները վերացնելու ռազմավարություններ՝ միաժամանակ բիզնեսի ստեղծումը և զարգացումը խթանող օրենսդրական բարեփոխումները խորացնելով։

Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ այս բարեփոխումները կավելացնեն ներդրումները, զբաղվածությունը և կբարձրացնեն արտադրողականությունը, ինչն էլ միջնաժամկետ հեռանկարում կստեղծի ավելի բարձր և ավելի կայուն ու ներառական աճ։ 

«ԱՌԿԱ»․ նդրադառնալով ԱՄՀ-ի նոր՝ 2025-2028 թթ. ընդգրկող ծրագրին, կառավարությունն ինչպե՞ս կարող է ավելի մեծ հարկաբյուջետային տարածք ստեղծել ծախսային մեծացող կարիքների ֆինանսավորման հնարավորություն ունենալու համար։ Ինչպե՞ս այն պետք է պլանավորի և բյուջետավորի ծախսերը՝ ըստ առաջնահերթության։

Ու․ Ռավատ․ թույլ տվեք սկսել նրանից, որ մեր կարծիքով կառավարության հարկաբյուջետային ընթացիկ քաղաքականությունն աջակցում է առաջնահերթ ծախսային կարիքների ապահովմանը՝ միաժամանակ պահպանելով պարտքի կայունությունը։ 2026 թ.-ի բյուջեով նախատեսված են փախստականների աջակցության, առողջապահության և հանրային ներդրումների ուղղությամբ ծախսեր։ Միևնույն ժամանակ, բյուջեի պակասուրդը փոքր է 2025 թ. համեմատ, ինչը կառավարության պարտքը միջնաժամկետ հատվածում որոշ չափով նվազեցնելու ուղղությամբ առաջին քայլն ենք համարում։

Ապագայում սոցիալական և տնտեսական առաջնահերթությունների ուղղությամբ գումար ծախսելու հնարավորությունը պահպանելու համար լրացուցիչ եկամուտներ կպահանջվեն։ Ուստի, հարկման բազայի ընդլայնման, հարկային կարգապահության բարձրացման և հարկերից ազատող արտոնությունների նվազեցման ուղղությամբ վճռական բարեփոխումները կարևոր են մնում։ Այսպիսի բարեփոխումների կարևոր բաղադրատարր պետք է լինի հարկերից ազատումների նվազեցումը, օրինակ՝ հարկերից էլեկտրական ավտոմեքենաների ազատումը, որը ներկայումս հիմնականում ուղղվում է թանկարժեք շքեղ ավտոմեքենաների գնմանը։ Մեր կարծիքով, դրա փոխարեն, Հայաստանի ավտոմեքենաների շարժակազմի էկոլոգիական բարելավմանն ուղղված ցանկացած աջակցություն ավելի հասցեական պետք է լինի, օրինակ, փոքր և միջին չափի էլեկտրական մեքենաների փոխհատուցման ծրագրի միջոցով, և բացառի ամենաթանկարժեք մեքենաները։ Հարկերից ազատման արտոնությունների սահմանափակման մեկ այլ օրինակ է հիփոթեքի գծով հարկերից ազատումն աստիճանաբար սահմանափակելու կառավարության քաղաքականությունը։ Ավելի լայն իմաստով՝ առաջնահերթ է մնում ԱԱՀ հաշվառման շեմի նվազեցումը, որի 115 միլիոն ՀՀ դրամ մակարդակը բարձր է համադրելի երկրների համեմատ։ Այս առումով կարևոր է նաև հարկային մարմնի հարկեր հավաքելու կարողության հզորացումը, օրինակ՝ հարկ վճարելու կարգապահության բարելավմամբ։

Առաջնահերթ կարիքներին ծախսերի համապատասխանեցման համար առանցքային կլինի բյուջեի պլանավորման և ծախսերի կառավարման բարելավումը։ Իշխանություններն արդեն կարևոր քայլեր են կատարել այս առումով, օրինակ՝ սահմանելով բյուջեի պլանավորման եռամյա հորիզոն, որը ներդրումների ավելի լավ պլանավորման և իրականացման հնարավորություն է տալիս, օրինակ՝ ենթակառուցվածքներում։ Իրենց հերթին՝ նոր դպրոցները, ճանապարհները և այլ ենթակառուցվածքները խթանում են տնտեսությունը և հետևաբար երկիրը և իր քաղաքացիներին ավելի հարստացնում։ Միջնաժամկետ ռազմավարական առաջնահերթությունները եռամյա բյուջեին համապատասխանեցնելու համար կարողությունների ստեղծումը, հատկապես՝ ճյուղային նախարարություններում, է՛լ ավելի կուժեղացնի միջնաժամկետ պլանավորումը։ Ի վերջո, Հանրային ներդրումների կառավարման կարգավորումների ընթացող բարեփոխումները չափազանց կարևոր են հանրային ներդրումների կատարումն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ 

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում դրամավարկային քաղաքականությանը ՀՀ ԿԲ նոր՝ ռիսկերի վրա հիմնված մոտեցումը։ Ո՞րն եք համարում այս առումով հիմնական մարտահրավերը։

Ու․ Ռավատ․ վերջին տասը տարիներին մենք տեսել ենք, որ ՀՀ ԿԲ-ն ժամանակին և արդյունավետ գործողություններ է ձեռնարկել գների կայունությունը պահպանելու և իր դրամավարկային քաղաքականության ծրագիրը կատարելագործելու համար։ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության՝ ռիսկի վրա հիմնված մոտեցումը, որի առանցքում ռիսկերի շրջահայաց կառավարումը և բարձր աստիճանի թափանցիկությունն է, ամուր հիմք է ստեղծել ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի թիրախը մինչև 3 տոկոս իջեցնելու համար։

Բայցևայնպես, դեռևս որոշ մարտահրավերներ պահպանվում են։ Հայաստանում դրամավարկային փոխանցման ուղին, որով տոկոսադրույքի վերաբերյալ կենտրոնական բանկի որոշումները փոխանցվում են բանկերի վարկային և ավանդային տոկոսադրույքներին, և հետևաբար ազդում սպառողների և բիզնեսների՝ վարկավորման և խնայելու որոշումների վրա, կաշկանդված է մնում դոլարացման և տեղական կապիտալի ոչ խորը շուկաների պատճառով։ Հետևաբար, Հայաստանի դրամային կապիտալի շուկաների զարգացումը կարևոր է, և ՀՀ ԿԲ այս առումով մի քանի նախաձեռնություններ է առաջ մղում։ 

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս կգնահատեիք բանկային համակարգի կայունությունը։ Որո՞նք են ԱՄՀ-ի նոր ծրագրի շրջանակում բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները։

Ու․ Ռավատ․ մեր վերջին զեկույցում նշվում է, որ մեր գնահատմամբ բանկային համակարգը լավ կապիտալացված և իրացվելի է։ Սա համահունչ է ՀՀ ԿԲ սթրես թեստերի արդյունքներին, որոնք ցույց են տալիս, որ բանկային համակարգը բավարար կապիտալ ունի ուժեղ ցնցման դիմակայելու համար։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ ՀՀ ԿԲ-ն աչալուրջ մնա։ Օրինակ՝ եթե բանկերի վարկավորման որոշակի աճը տնտեսական նպաստավոր զարգացումների առողջության նշան է, վարկավորման շուկայի որոշ հատվածներում վարկավորման չափազանց մեծ աճը կարող է ռիսկերն ավելացնել, օրինակ՝ վարկառուները իրենց վարկերի վերադարձի հետ կապված խնդիրների առջև կանգնեն տնտեսական պարբերաշրջանի շրջադարձերի ժամանակ։ Այս պատճառով կարևոր է, որ ՀՀ ԿԲ-ն պատրաստ է իր կարգավորման և վերահսկողական լիազորությունները գործադրել առողջ և կայուն վարկավորման աճ ապահովելու համար, որը չի սպառնում ֆինանսական կամ տնտեսական կայունությանը։

Նայելով առաջ՝ ԱՄՀ նոր ծրագրի ներքո նախատեսում ենք աջակցել ՀՀ ԿԲ-ի՝ ֆինանսական համակարգի վերահսկողությունն ուժեղացնելու և վճարային համակարգի արդիականացման ջանքերին, ներառյալ սթեյբըլքոյնով գործառնությունների կարգավորման ներդրումը՝ «Կրիպտո ակտիվների մասին» վերջերս ընդունված օրենքի համաձայն։ Հիմնական բարեփոխումները ենթադրում են օրենսդրական փոփոխություններ՝ աջակցելու ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ընդունմանը, օրենսդրություն, որը խնդրահարույց բանկի դեպքում կենտրոնական բանկին վաղ միջամտելու հնարավորություն կտա և բանկերի վերակառուցման մասին նոր օրենքի ընդունումը, որը իշխանություններին ապահովում է ֆինանսական կայունության պահպանման գործիքներով։ Բացի այդ, վճարումների ենթակառուցվածքի արդիականացման օրենսդրության ընդունումը և սթեյբըլքոյնի վերաբերյալ կարգավորումների ընդունումը կբարձրացնեն վճարային համակարգերի դիմակայունությունը և ամբողջականությունը և կօգնեն պաշտպանել օգտատերերին։

«ԱՌԿԱ»․ որո՞նք եք համարում բիզնես միջավայրի բարելավման առումով Հայաստանի առջև ծառացած հիմնական կառուցվածքային խոչընդոտները և ինչպե՞ս է ԱՄՀ-ի նոր ծրագիրն օգնում դրանց հաղթահարմանը։

Ու․ Ռավատ․ թեև վերջին մի քանի տարիների ընթացքում բիզնես միջավայրի կարևոր բարելավումներ ենք արձանագրել, խոչընդոտները մնում են։ Օրինակ՝ մասնավոր հատվածը բարդ իրավական դաշտի և կառավարման թվային ծառայությունների բացակայության պատճառով կաշկանդված է մնում։ Ավելին, գույքային և պայմանագրային իրավունքների թույլ կիրարկումը, ինչպես նաև կառավարման առումով պահպանվող մտահոգությունները շարունակում են զսպել ներդրումները, իսկ արտահանման խթանման համար ապրանքների որակի միջազգային ստանդարտներին համապատասխանելը դանդաղում է։ Ավելին, պահպանվում է մեծ ոչ ֆորմալ տնտեսությունը՝ դժվարացնելով ֆորմալ բիզնեսների մրցակցությունը։ Ի վերջո, մտահոգիչ մյուս ուղղությունը մարդկային կապիտալի պակասը և հմտությունների անհամապատասխանությունն է։

Այս խոչընդոտների հաղթահարումը կրիտիկական է՝ մասնավոր բիզնեսի զարգացումը և աճը խթանելու և տնտեսությունն արդիականացնելու, ավելի բարձր կայուն աճին օժանդակելու համար։ Կառավարությունը քաջատեղյակ է այս մարտահրավերներին և մշակել է ռազմավարություններ՝ խթանելու աշխատուժի մասնակցությունը և զբաղվածությունը և աջակցելու արտահանման բազմազանեցմանը։ Բացի այդ, 2024 թ.-ին ընդունվել է կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրք և վերջերս խորհրդարան են ներկայացվել սնանկության օրենսդրության փոփոխությունները՝ կազմակերպությունների թափանցիկությունը բարձրացնելու, պարտատերերի իրավունքներն ամրապնդելու և ընդհանուր բիզնես միջավայրը բարելավելու համար։ Այս ջանքերն անհրաժեշտ է շարունակել և հետևողականորեն իրականացնել։

Ի վերջո, կցանկանայի նաև նշել իշխանությունների՝ ազգային վիճակագրության բարելավման ջանքերի մասին։ Մենք համաձայն ենք, որ տնտեսության վիճակի և բարեփոխումների ազդեցության չափման համար պահանջվում է որակյալ, հուսալի և ժամանակին տրամադրվող       վիճակագրություն։ Այն անհրաժեշտ է և՛ պետական, և՛ մասնավոր որոշումների կայացման համար։ Ուստի, մենք իշխանությունների հետ պայմանավորվել ենք, որ ազգային վիճակագրությունը որպես առանցքային ուղղություն ենք դիտարկելու ԱՄՀ-ի նոր ծրագրի շրջանակում։ 

«ԱՌԿԱ»․ շնորհակալություն ԱՄՀ նոր ծրագրի ուղղվածության վերաբերյալ այս մանրամասները ներկայացնելու համար։ Որպես այս հարցազրույցի վերջին հարց՝ եզրափակիչ մտքեր ունե՞ք ԱՄՀ նոր ծրագրի շրջանակում Հայաստանի իշխանությունների և ԱՄՀ-ի համագործակցության Ձեր պատկերացումների մասին։

Ու․ Ռավատ․ նոր ծրագրի շրջանակում հաջորդ երեք տարիների ընթացքում արգասաբեր համագործակցության գերազանց հեռանկարները պահպանվում են։ Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները ցուցաբերել են բարձր մակարդակի հանձնառություն և կարողություն՝ հարմարվելու ցնցումներին և առաջ մղելու հիմնական բարեփոխումները։ Նոր ծրագիրը շատ առումներով համահունչ է մեր նախկին ծրագրերին։ Այն աջակցում է մակրոտնտեսական կայունության պահպանման և տնտեսական բարեփոխումների օրակարգի առաջ մղման ջանքերին՝ որպես վերջնական նպատակ ունենալով Հայաստանի բոլոր բնակիչների տնտեսական բարեկեցությունը։ Ծրագիրը հզոր ազդանշան է տալիս այս առումով իշխանությունների քաղաքականության հանձնառությունների վերաբերյալ։ Ի լրումն դրա, այն կուժեղացնի Հայաստանի դիմակայունությունը՝ ապահովագրելով ցնցումներից և հավանական է, որ օգնի խթանել միջազգային այլ աղբյուրներից ֆինանսական օժանդակությունը։