Կապսի ջրամբարը ջրամբարաշինական ոլորտում մեր ամենախոշոր ծրագիրն է․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Կապսի ջրամբարի ծավալը նախատեսվում է մեծացնել շուրջ 2,5 անգամ՝ հասցնելով 60 մլն խորանարդ մետրի, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Կապսի ջրամբարի հետ կապված՝ մենք նախորդ տարի խզել ենք չինական կապալառու ընկերության հետ ունեցած մեր պայմանագիրը, որովհետև օրացուցային ժամկետից էական շեղումներ ենք ունեցել։ Դրան զուգահեռ նախագիծն ենք թարմացնում, և հիմա 60 միլիոն խորանարդ մետրի (շուրջ 2,5 անգամ ավելի) ծավալով ջրամբարի կառուցման նախագիծ ունենք արդեն, մոտ ենք նախագիծ ունենալուն», - նշեց Խուդաթյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Նախարարը հայտնեց, որ նախագծի պատրաստ լինելուց և բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցնելուց հետո կհայտարարվի նոր մրցույթ՝ ակնկալելով նոր շինարար ունենալ, որը կկարողանա նոր գրաֆիկով սահմանված ժամկետում շահագործման հանձնել Կապսի ջրամբարը։
«Սա ջրամբարաշինական ոլորտում մեր ամենախոշոր ծրագիրն է և մեր ուշադրության կենտրոնում է », - ասաց Խուդաթյանը։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարեցին, որ Կապսի ջրամբարի շինարարությունը կասեցվել է, և գործընթաց է սկսվել չինական «Shanxi Construction Investment Group» ընկերության հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ՝ ժամանակացույցի և պայմանագրի պայմանների պարբերական չկատարման պատճառով
Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել էր Հայաստանի կառավարության և գերմանական KfW բանկի միջև 2023 թվականի ապրիլին։ Ծրագրի բյուջեն կազմում էր 97,8 մլն եվրո, որից 68,5 մլն եվրոն KfW-ի վարկն էր, իսկ մնացածը պետք է համաֆինանսավորեր ՀՀ կառավարությունը։ Վերջին հաղորդագրություններում նշվում է շուրջ 95–120 մլն եվրո ընդհանուր բյուջե։
Նախագիծը նախատեսում է իրականացում երկու փուլով. 1-ին փուլ՝ 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար, 2-րդ փուլ՝ ընդլայնում մինչև 60 մլն խորանարդ մետր։ 25 մլն խորանարդ մետր ծավալի դեպքում նախատեսվում է ջրով ապահովել շուրջ 17 հազար հեկտար հողատարածք՝ Ախուրյանի և Շիրակի ջրանցքների միջոցով, մեխանիկական ոռոգումից ինքնահոսի անցկացնել 2 280 հեկտար և տարեկան խնայել մոտ 1,3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Մինչև 60 մլն խորանարդ մետր ընդլայնման դեպքում ինքնահոս ոռոգման են անցնում նաև Թալինի շրջանի հողերը (ևս մի քանի հազար հեկտար), իսկ էլեկտրաէներգիայի խնայողությունը հասնում է տարեկան մինչև 11 մլն կՎտժ-ի։