Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թ.-ին աճել է 7,2%-ով՝ գերազանցելով 11,3 տրլն դրամը. պաշտոնական վիճակագրություն

Երեկ, 14:20
Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թ.-ին, նախնական տվյալներով, 2024 թ.-ի համեմատ գրանցել է 7,2% աճ
Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թ.-ին աճել է 7,2%-ով՝ գերազանցելով 11,3 տրլն դրամը. պաշտոնական վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին, նախնական տվյալներով, 2024 թվականի համեմատ գրանցել է 7,2% աճ։

Այսպիսի տվյալներ են հրապարակվել Հայաստանի Վիճակագրական կոմիտեի կայքում։

Անցյալ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,2%-ով, երկրորդում՝ 6,4%-ով, երրորդում՝ 6,2%-ով, չորրորդում՝ 9,8%-ով։

Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը ընթացիկ գներով 2025 թվականի արդյունքներով կազմել է 11 317 508.7 մլն դրամ։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով շուկայական գներով կազմել է 3 666 540 դրամ, 9 474 դոլար և 8 393 եվրո։

Ըստ զեկույցի՝ 2025 թվականին 2024 թվականի համեմատ ամենաշատն աճել են շինարարության ոլորտը՝ 21%, տեղեկատվության և կապի ոլորտը՝ 18,6%, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 14,7%:

Աճի երկնիշ ցուցանիշներ են գրանցվել ևս երկու ճյուղերում՝ վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 12%, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 10,2%: 2024 թվականի համեմատ 2025 թվականին աճ գրանցած ոլորտների թվում են նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը՝ 9,9%, մշակույթը, զվարճությունները և հանգիստը՝ 9,4%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 7,8%, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը՝ 6,6%, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը՝ 5,3%, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 3,9%, մեծածախ և մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգումը՝ 3,1%, մշակող արդյունաբերությունը՝ 2%, ջրամատակարարումը և ջրահեռացումը, թափոնների կառավարումը և վերամշակումը՝ 2%, պետական կառավարումը և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովագրությունը՝ 1,8%, փոխադրումները և պահեստային տնտեսությունը՝ 1%, առողջապահությունը և բնակչության սոցիալական սպասարկումը՝ 0,1%:

Անկում է գրանցվել տնային տնտեսությունների՝ որպես գործատու գործունեության գծով՝ 6,8% և կրթության ոլորտում՝ 3,3%:

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,1%, իսկ 2026 թվականի համար՝ 5,4% մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 5,9-5,9%, 2026 թվականին՝ 6,3-4,1%, 2027 թվականին՝ 4,9-5,3%:

Միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները հետևյալն են. ԵԱԶԲ՝ 6% 2025 թվականին և 5,3%՝ 2026-ին. Համաշխարհային բանկ՝ 5,2% 2025 թվականին և 4,9%՝ 2026-ին. ԱՄՀ՝ 5% 2025 թվականին և 5,5%՝ 2026-ին. ՎԶԵԲ՝ 5% 2025 թվականին և 4,5%՝ 2026-ին։