Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայ–ֆրանսիական համագործակցության հարցեր է քննարկել Փարիզում անցկացված համաժողովի ընթացքում

25.11.2014, 19:35
Նոյեմբերի 24-ին Փարիզում, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո անցկացվեց «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայ–ֆրանսիական համագործակցության հարցեր է քննարկել Փարիզում անցկացված համաժողովի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Նոյեմբերի 24-ին Փարիզում, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո անցկացվեց «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, համաժողովի հիմնական նպատակն է բացահայտել հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունների նոր հնարավորությունները, նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը:

Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացի գործարարների համար առկա հնարավորությունները:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք «կլոր սեղաններ» տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն:

Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, հայ և ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական և ֆրանսիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: