Բեռների անխոչընդոտ տարանցում ու գործարար կապեր. ՀՀ-ն և Վրաստանն ընդգծել են տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։
«Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ, և այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն է համադրելու մեր ջանքերը՝ ի շահ մեր ժողովուրդների», - նշել է Գևորգ Պապոյանը։
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։