Հայաստանի մասին պատմող` ամերիկացի հանրահայտ հաղորդավար Կոնան Օ՛Բրայենի հեռուստաշոուն եթեր կհեռարձակվի նոյեմբերի 17-ին
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի «Կոնան» հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվել են Soar Productions ընկերության պորֆեսիոնալ պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, եթեր է հեռարձակվելու նոյեմբերի 17-ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Soar Productions–ի մամուլի ծառայությունից։
Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու նկարահանեց Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն ունեցավ և հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշեց նկարահանել արևելքում՝ ամերիկացի հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։
Հեռուստաշուի հայաստանյան նկարահանումների ողջ գործընթացը կազմակերպվել և իրականացվել է Soar Productions-ի կողմից` Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրվա ընթացքում Օ՛Բրայենը հասցրել է այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունենալ։
«Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միևնույն ժամանակ Soar Productions-ը մեծ գոհունակություն ու շնորհակալություն է հայտնել «Կոնան»-ի նկարահանող խմբին և անձամբ Կոնան Օ՛Բրայենին սեփական գործում մեծ պորֆեսիոնալիզմ դրսևորելու և այս գործում իրենց վստահելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կոնան Օ՛Բրայենը պատմում է իր հայաստանյան այցի մասին.
Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման և իրականացման գործում։ Բացի «Կոնան»-ից ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանն, ինչպիսիք են CBS հեռոուստաալիքի «The Amazing Race» (Անհավանական մրցարշավ) և BBC հեռուստաընկերության «Top Gear» հեռուստանախագծերը։–0–