Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

2025 թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2,5%-ով՝ հասնելով 2,26 մլն մարդու

Այսօր, 15:55
Անցյալ տարի Հայաստան է այցելել «Անհայտ երկիր» կատեգորիայում ներառված 356 քաղաքացի
2025 թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2,5%-ով՝ հասնելով 2,26 մլն մարդու

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թ.-ին Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 263 642՝ 2024 թ.-ի 2 208 179-ի դիմաց՝ աճելով 2,5%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն։

Նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 1 004 507-ը կանայք են, իսկ 1 259 135-ը՝ տղամարդիկ։ Երկրում ամենաշատը եղել են 36-63 տարեկան զբոցաշրջիկները (1 146 497 մարդ), ամենաքիչը՝ 16-17 տարեկան զբոսաշրջիկները (32 900 մարդ)։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (921 704 մարդ կամ ընդհանուր թվի 40,7%-ը, նվազումը 2023 թ.-ի համեմատ՝ 1,7%), Վրաստանից (288 578 մարդ կամ 12,7%, աճը՝ 8,5%) և Իրանից (182 364 մարդ կամ 8,1%, աճը՝ 3,3%)։

Բացի այդ, նախորդ տարի Հայաստան են այցելել նաև քաղաքացիներ ԱՄՆ-ից (60 891 մարդ), Չինաստանից (45 004), Ֆրանսիայից (35 847), Գերմանիայից (34 136), Հնդկաստանից (28 450), Ուկրաինայից (27 648), Իտալիայից (22 669), Բելառուսից (16 735), Ֆիլիպիններից (16 650), Կորեայի Հանրապետությունից (14 851), Նիդերլանդներից (14 593), Մեծ Բրիտանիայից (13 713), Թուրքիայից (13 441), Լեհաստանից (13 349) և Բելգիայից (10 785):

Ամենաքիչ զբոսաշրջիկները՝ 1-ական մարդ, եղել են Անգլիայից, Գայանայից, Գվինեա-Բիսաուից, Լեսոթոյից, Հասարակածային Գվինեայից, Սան Տոմե և Պրինսիպիից։ 2-ական մարդ է ժամանել Բելիզից, Կոնգոյից, Մալավիից, Պապուա Նոր Գվինեայից և Ջիբութիից։ 3-ական մարդ Հայաստան է եկել Բոտսվանայից, Բուրկինա Ֆասոյից, Գաբոնից, Մալիից, Միկրոնեզիայից, Նիգերից, Սամոայից, Սուրինամից, Սվազիլենդայից և Տոնգայից։

Նախորդ տարի Հայաստան է այցելել Ադրբեջանի 7 քաղաքացի (2024 թվականին այդ երկրի քաղաքացիների այցելություններ չեն եղել), ինչպես նաև «Անհայտ երկիր» կատեգորիայում ներառված 356 քաղաքացի, ինչը 2024 թվականի համեմատ ավելի է 9,5%-ով։ Միևնույն ժամանակ հաշվետվությունում նշվում է, որ 2025 թ.-ին երկրից մեկնել է 1 725 590 զբոսաշրջիկ՝ 2024 թ.-ի 1 679 240-ի դիմաց։