Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մինասյանը չեխերի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները 50/50 է գնահատել

25.03.2013, 14:39
Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղում Հայաստանի և Չեխիայի հավաքականների հնարավորությունները հավասար են, կարծում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Մինասյանը չեխերի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները 50/50 է գնահատել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղում Հայաստանի և Չեխիայի հավաքականների հնարավորությունները հավասար են, կարծում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Թիմում մարտական են տրամադրված, և հնարավորությունները 50/50 են»,– երկուշաբթի լրագրողներին հայտնեց նա։

Մինասյանը հրաժարվեց նշել Չեխիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը և պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, հայտնեց, որ յուրաքանչյուր հավաքական ունի իր ուժեղ և թույլ կողմերը։

Ըստ հայկական հավաքականի մարզչի` ինքը հետևել է չեխերի բոլոր վերջին խաղերին, մասնավորապես` դանիացիների հետ կայացած խաղին, և կարծում է, որ նրանց մարտավարությունը չի փոխվել, և նրանք գերազանց թիմային խաղ ունեն։

Մինասյանը Չեխիայի հավաքականի կազմում հատուկ առանձնացրեց «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսցկիին։

«Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե  ի՞նչ մարտավարություն կընտրի չեխերի հետ կայանալիք խաղում, Մինասյանը պատասխանեց. «երբ պետք է գրոհել,  հավաքականը կգրոհի, իսկ երբ պաշտպանվել` կպաշտպանվի։  Սակայն ամեն ինչ կախված կլինի աղյուսակում երևացող հաշվից։
Հայաստանի և Չեխիայի հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 26–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 84–րդ տեղը, իսկ Չեխիայի թիմը տեղաբաշխվել է 27–րդ դիրքում։
Հայաստանի հավաքականն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ ընտրական փուլի B խմբում է։

Իտալիայի հավաքականը չորս խաղերից հետո հավաքել է 10 միավոր և գլխավորում է B խումբը։ Բուլղարացիները երեք խաղից հետո 6 միավոր ունեն։ Այնուհետև չեխերն են` երեք խաղից հետո հինգ միավորով։ Հայկական թիմի ակտիվում երեք խաղից հետո 3 միավոր է։ Դանիացիները նույնպես երեք խաղից հետո 3 միավոր ունեն։ Մալթայի հավաքականի արդյունքը զրո է։ -0-