Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մոտ 100 հազար եվրո արժողությամբ մարզական գույքի կարիք ունի
01.04.2014,
18:03
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ֆինանսական հնարավորություններ չունի մարզումների համար անհրաժեշտ մարզական գույք ձեռք բերելու համար, որի արժեքը, մոտավոր հաշվարկներով, տատանվում է 100 հազար եվրոյի սահմանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ֆինանսական հնարավորություններ չունի մարզումների համար անհրաժեշտ մարզական գույք ձեռք բերելու համար, որի արժեքը, մոտավոր հաշվարկներով, տատանվում է 100 հազար եվրոյի սահմանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Մենք լավ մարմնամարզիկներ ունենք, բացի այդ մեծանում է երիտասարդ և տաղանդավոր մարզիկների սերունդ, սակայն մարզումների պայմաններն անբարենպաստ են, մեր մարզասարքերը մաշված են և շարքից դուրս են գալիս», –ասել է նա։
Սերոբյանը նշել է, որ չնայած ոչ բավարար ֆինանսավորմանը, հայ մարմնամարզիկները հաջող ելույթ են ունենում միջազգային մրցումներին։
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 26–29-ը կայացավ սպորտային մարմնամարզության 2014թ.–ի Աշխարհի գավաթի փուլային մրցաշարը։ Հարություն Մերդինյանը «նժույգաթափեր» մրցաձևում 15.475 միավորով դարձավ չեմպիոն, իսկ «հենացատկ» մրցաձևում Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը գրավեցին 1-ին ու 2-րդ տեղերը։ Աշխարհի գավաթի փուլային մրցաշարին մասնակցել են 40 երկրների մարզիկներ, այդ թվում նաև Ճապոնիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի մարզիկները, որոնք ավանդաբար ուժեղ են այս մարզաձևում։
Հինգ հայ մարզիկներ կմասնակցեն մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 20-27–ը Սոֆիայում։
Հայկական մարմնամարզությունն ավանդաբար հայտնի էր բարձր որակավորում ունեցող մարմնամարզիկներով։ Մասնավորապես, XX դարի կեսին Հրանտ Շահինյանը դարձավ աշխարհի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։ Լեգենդար հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Ալբերտ Ազարյանի որդին` Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում թիմային մրցումներում դարձավ Մոսկվայի Օլիմպիադայի չեմպիոն։–0–