Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մինասյանը խորհուրդ է տվել ՀՖՖ–ի ղեկավարին Հայաստանի հավաքականի նոր մարզիչ նշանակել իսպանացու կամ իտալացու

30.10.2013, 14:31
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով ավարտում է իր աշխատանքն այս պաշտոնում, իրեն խորհուրդ է տվել, որպեսզի հավաքականի նոր մարզիչն իսպանացի կամ իտալացի լինի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Մինասյանը խորհուրդ է տվել ՀՖՖ–ի ղեկավարին Հայաստանի հավաքականի նոր մարզիչ նշանակել իսպանացու կամ իտալացու
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով ավարտում է իր աշխատանքն այս պաշտոնում, իրեն խորհուրդ է տվել, որպեսզի հավաքականի նոր մարզիչն իսպանացի կամ իտալացի լինի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մինասյանն ինձ ասաց, որ ցանկալի կլիներ, որպեսզի մարզիչն իտալացի կամ իսպանացի լիներ։ Բանն այն է, որ Հայաստանի հավաքականի խաղի ոճը շատ նման է իսպանականին կամ իտալականին։ Եվ այդ պատճառով իսպանացի կամ իտալացի մասնագետը հեշտությամբ կինտեգրվի մեր հավաքական»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա` դա ընդամենը Մինասյանի խորհուրդն է եղել, և նա չբացառեց, որ նոր մարզիչը հնարավոր է գերմանացի կամ արգենտինացի լինի։

«Նոր մարզչի ընտրությունը շատ կարևոր է, և ես չեմ ուզում սխալվել։ Ես չեմ ուզում շտապել որոշման հարցում մինչ այն ժամանակ, քանի դեռ մենք մանրամասնորեն չենք ուսումնասիրի նոր մարզչի ներուժը։  Այժմ բանակցություններ են ընթանում անմիջապես մի քանի մասնագետների հետ։ Տվյալ պահին ես չեմ ցանկացա հնչեցնել նրանց անունները։  Հենց որ որևէ բան պարզվի բանակցություններից հետո, դուք անմիջապես ամեն ինչ կիմանաք»,– ասաց Հայրապետյանը։

Նա նշեց նաև, որ նոր գլխավոր մարզիչը ցանկացած դեպքում պետք է ապրի Հայաստանում, և նրա միակ խնդիրը լինելու է հայկական թիմը 2016թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելը, որը կանցկացվի Ֆրանսիայում։

Այդ կապակցությամբ նա նաև ընդգծեց, որ շատ հիասթափված է թիմի մարզչի` պաշտոնը լքելու որոշումից, և նշեց, որ ցանկացած դեպքում ինքը կցանկանար, որպեսզի Մինասյանը շարունակեր գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը։

«Ես երկու անգամ փորձեցի համոզել Մինասյանին մնալ։ Ցավոք, նա ինձ մերժեց։ Ես շատ հիասթափված եմ նրա այդ որոշումից։ Ես բոլորից լավ գիտեմ, թե ինչ մեծ ներուժ ունի Մինասյանը։ Վստահ եղեք, որ նա միջազգային մակարդակի բարձրաստիճան մարզիչ է»,– ընդգծեց Հայրապետյանը։

Ըստ նրա` Մինասյանին առավել հեշտ կլիներ հավաքականին պատրաստել ԱԱ–2016 որակավորմանը, քան ցանկացած այլ արտասահմանցու, քանի որ նա հիանալի ծանոթ է թիմի ներքին խոհանոցին և ունակություններին։

Հայրապետյանը նշեց նաև, որ ևս մեկ անգամ կփորձի խոսել Մինասյանի հետ և համոզել նրան։

Չորս տարի Հայաստանի հավաքականը գլխավորած Մինասյանի պայմանագիրը լրանում է 2013թ.–ի հոկտեմբերի 31–ին։

Հոկտեմբերի 21–ին Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին։ Հաջորդ օրը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակ ուղղեցին Մինասյանին` հեռանալու մասին որոշումը վերանայելու խնդրանքով։ –0–