«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանին` որպես «կարմիր սատանաների» խաղացող
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` որպես իր ակումբի խաղացող:
Մխիթարյանը ակումբի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ:
«Ես հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Դա իմ երազանքն էր: Ես ուրախ եմ հանդես գալ նման փառավոր պատմություն ունեցող թիմի կազմում, և հույս ունեմ նրա մասը լինել դեռ երկար ժամանակ: Շնորհակալ եմ վստահության համար թիմին և Ժոզե Մաուրինյոյին և, վերջապես, կարծում եմ, որ, նման մեծ ակումբում ելույթ ունենալով, հարգում են հորս հիշատակը, որն ինձ ոգեշնչել է, երբ պատանի էի», - մեջբերում է Մխիթարյանի խոսքերը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանի հայրը` ակնառու հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, հանդես էր գալիս Երևանի «Արարատ» ակումբի կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն Մխիթարյանին անվանել է տաղանդավոր ֆուտբոլիստ, որը լավ մարզավիճակում է եղել թե´ իր նախկին ակումբում` Դուրտմունդի «Բորուսիայում», թե´ Հայաստանի հավաքականի կազմում:
«Նա իսկական թիմային խաղացող է` օժտված մեծ վարպետությամբ, նպատակասլացությամբ: Ես ուրախ եմ, որ նա որոշել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի հետ: Վստահ եմ, որ նրա խաղը շատ շուտ կազդի թիմի վրա, քանի որ նրա խաղի ոճը համապատասխանում է պրեմիեր-լիգային: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատանքի սկզբին», - նշել է Մաուրինյոն: -0-