Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Զորահավաքի ենթակա անձանց COVID-19–ի թեստերը վերստուգվելու են, ԱՆ–ն կոչ է անում լաբորատորիաներին չկեղծել թեստի արդյունքները

31.10.2020, 16:03
Զորահավաքի ենթակա անձանց COVID-19–ի թեստերը վերստուգվելու են, ԱՆ–ն կոչ է անում լաբորատորիաներին չկեղծել թեստի արդյունքները
Զորահավաքի ենթակա անձանց COVID-19–ի թեստերը վերստուգվելու են, ԱՆ–ն կոչ է անում լաբորատորիաներին չկեղծել թեստի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից, գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook–յան իր էջում:

Հայտարարության մեջ նշվում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը:

Նախօրեին ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն, հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:

«Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով:–0–