Ծառուկյանին չկալանավորեցին․ փաստաբանը կարծում է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի այդ որոշումը
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակեց դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։
Ծառուկյանի պաշտպան Երեն Սարգսյանը պատասպանեց լրագրողների մի քանի հարցերին։ Սարգսյանը հայտարարեց, թե ի սկզբանե այս գործի քննությունն ապօրինի է ընթանում, քանի որ ԱԱԾ-ն իրավունք չուներ դրանով զբաղվելու։
«Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը մերժվեր»,-ասաց նա նշելով, որ որոշման բովանդակությանը ծանոթ չեն, ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ:
Փաստաբանը հավելեց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին,որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին,սակայն դատաքննության ընթացքում որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, և վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:
Փաստաբանը կարծում է, որ գործի քննությունը կշարունակվի, դատախազությունը կբողոքարկի դատարանի այս որոշումը:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-