ՏՄՊՊՀ. կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ի մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
ՏՄՊՊՀ-ից հաղորդում են, որ ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը:
Նշվում է, որ հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:-0-