ՏԿԵ նախարարը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը։
«Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ», – գրել է Խուդաթյանը Facebook–յան իր էջում։
Նախարարը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում։
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում և միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։