Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ՍՇՎ–ի աշխուժացում է դիտվում Հայաստանում վերջին 10 օրերին. ԱՆ

01.03.2017, 17:06
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն:
ՍՇՎ–ի աշխուժացում է դիտվում Հայաստանում վերջին 10 օրերին. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն:

Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշում է, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով: 

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ հարկավոր է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե վատառողջ եք, հարկավոր է մնալ տանը, չգնալ աշխատանքի։ Խորհուրդ է տրվում վատառողջ երեխային թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, հիվանդանալու դեպքում պետք է դիմել տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ և չտալ երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար։

Գերատեսչությունը նաև զգուշացնում է, որ հարկավոր է հագնվել և երեխաներին հագցնել եղանակին համահունչ, պահպանել և երեխաներին սովորեցնել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել  անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալ ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործել միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:–0–