ՍԱՏՄ-ն կասեցրել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ ՍԱՏՄ-ն կասեցրել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող, Արարատի մարզի Նորաշեն գյուղում գտնվող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Նշվում է, որ պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։