Sanitek-ը հանդես է եկել մեղադրանքներով քաղաքապետարանի հասցեին
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Sanitek աղբահանության օպերատորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրել է քաղաքապետարանը «միակողմանի գործելու» մեջ։
Ընկերության մամուլի հաղորդման մեջ նշվում է, որ «Սանիթեք» ընկերությունն օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացրել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան:
«Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման»,– նշում են ընկերությունից։
Փոխարենը, հայտարարության համաձայն, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
Նշվում է, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը։
«Մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,– ասվում է Sanitek–ի հայտարարության մեջ։
Աղբահանության խնդիրը Երևանում շարունակում է մնալ ամենաարդիականը վերջին ամիսներին։ Քաղաքային իշխանությունները և բնակիչները չափազանց դժգոհ են քաղաքում կուտակված աղբի ծավալներից, բողոքում են, մասնավորապես, ընկերության անգործությունից։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտնել է, որ «Սանիթեքն» այլևս ի վիճակի չէ սպասարկել Երևանը և չի բացառել ընկերության հետ պայմանագրի խզումը։ -0-