Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/. ՍԱՏՄ-ն մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցրել։
Ինչպես հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:
Ի մասնավորի՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,
- հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ մակերեսներ, պատրաստված չեն եղել անջրանցիկ,
-չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և առանձին սանհանգույց:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: