Պետերբուրգում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ–ն հաստատում է, որ ապրիլի 3–ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր։
Այս մասին գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր Twitter-ում։
«Սանկտ–Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն, #Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր»,– ասվում է նրա գրառման մեջ։
Ապրիլի 3–ին հզոր պայթյուն է որոտացել Սանկտ–Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում։ Սկզբում հաղորդվել էր երկու կայարաններում որոտացած պայթյունների մասին, բայց ավելի ուշ ճշտվեց, որ պայթյունը տեղի է ունեցել «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև` վագոնում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել իր ռուս գործընկերոջը Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ -0-