ՊԲ-ն հերքում է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։
Ցավոք, ինչպես հաղորդում է ՊՆ-ն, նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: –0–