Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է. նախարար

16.03.2026, 16:10
Նախատեսվում են լուրջ փոփոխություններ
Նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կատարած աշխատանքներին և հայտնել, որ Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է։

«Հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունում և վարչությունում։ Դրանից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով», - ասաց Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։

Նախարարը պարզաբանեց, որ քանի որ աշխատանքները բավականին ձգձգվել էին, իրենք որոշել են տեքստը մշակել նախկինում մշակված հայեցակարգային դրույթների հիման վրա։ 

«Մոտեցումը հետևյալն է՝ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը։ Շեղում կառավարման այս կարգից, ըստ էության, չկա, որովհետև այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է»,- նշեց Գալյանը։ 

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում են լուրջ փոփոխություններ իշխանության թևերի ապակենտրոնացման և բալանսավորման ուղղությամբ։ Մասնավորապես, Ազգային ժողովին կտրամադրվեն նոր վերահսկողական մեխանիզմներ վարչապետի գործունեության նկատմամբ։ 

Մարդու իրավունքների համատեքստում առաջարկվում է սոցիալական ապահովության և առողջապահության իրավունքները դասել հիմնական իրավունքների շարքին, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ստանձնի ավելի մեծ պոզիտիվ պարտականություն և բեռ այս իրավունքների պաշտպանության համատեքստում։ 

Նախարարը հայտնեց, որ դատական իշխանության հետ կապված երդվյալների ինստիտուտի հնարավորություն կնախատեսվի, իսկ դեպքերը և կարգը երդվյալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու պետք է սահմանվի համապատասխան օրենքներով։ 

«Նախատեսում ենք նաև որպես սկզբունք գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա, դատախազական համակարգում խիստ բրգաձևության զիջում դեպի կոլեգիալություն, և մասնավորապես ԲԴԽ օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի Բարձրագույն դատախազական խորհուրդ կամ Գլխավոր դատախազական խորհուրդ»,- նշեց Գալյանը: 

Նախարարի խոսքով՝ նախատեսվում են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնց հանրությունն առավել հստակ կծանոթանա տեքստի պաշտոնական հրապարակումից հետո։