ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային վկայագրի չափը կավելանա մինչև 4 մլն դրամով․ կառավարությունն ընդունեց նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար Երևանին հարակից համայնքներում բնակարան ձեռք բերելու բնակարանային վկայագրի չափը 3 մլն-ից 4 մլն դրամի հասցնելու ծրագիրը:
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ, կվերանայվի աջակցության չափը, մասնավորապես կընդլայնվի 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որն այս պահին ներառում է 611 բնակավայր՝ հետագայում ավելացնելով ևս 150 համայնք։
Նախարարը նշել է, որ նոր ծրագիրը կիրականացվի Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն, Գառնի և Ջրվեժ քաղաքներում։
Ծրագրով առաջարկվում է նաև որպես ընտանիքի անդամ դիտարկել նաև մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է ներկայացվել առցանց հայտը և ստացել հավաստագիրը։
«Ներկայում գործող իրավակարգավորմամբ՝ 2025թ. հունվարի 1-ից մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացրել է և ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը», - նշել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել այն շահառուները, որոնք մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ գույքի գրավադրմամբ սպառողական վարկ՝ հետագայում հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով։
Թորոսյանը հայտնել է, որ առաջարկվում է նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այդ դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին։