Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կներդրվի ոստիկանների կատարողականի գնահատման ինստիտուտ. նախագիծ

Երեկ, 13:53
Ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում
Կներդրվի ոստիկանների կատարողականի գնահատման ինստիտուտ. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է գործի ամեն տարի՝ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ և չափելի ցուցիչների հիման վրա:

Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։ 

Սարգսյանի տեղեկացմամբ՝ սա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական և պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: 

Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում: 

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մշտադիտարկում՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը,

Բացի այդ, այն թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը: 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով: Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը կառաջարկվի իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: 

Նախաձեռնությունը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: