ԿԲ–ն ողջունում է Հայաստանում բանկերի մասնաճյուղային ցանցի զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկն ողջունում է Հայաստանում բանկերի մասնաճյուղային ցանցի զարգացումը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն Ամերիաբանկի «Նոր Նորք» մասնաճյուղի բացման արարողության ընթացքում։
Ամերիկաբանկը նոր մասնաճյուղ է բացել Երևանի Նոր Նորք համայնքում և արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում։ Նոր մասնաճյուղը կգործի «Մեգամոլ Մասիվ» առևտրային կենտրոնում, Գայի պողոտա, 16 հասցեով։ Սա Երևանում բանկի` արդեն վեցերորդ մասնաճյուղն է, որը կաշխատի շաբաթը յոթ օր ժամը 10։30–ից 21։15։
«ԿԲ–ն միշտ ուրախ է, երբ բանկերը կարողանում են զարգացնել իրենց աշխարհագրությունը։ Դա թույլ է տալիս հաճախորդներին ոչ միայն օգտվել բանկային ծառայություններից, այլ նաև մրցակցության հաշվին ստանալ ավելի բարձրորակ ծառայություններ»,– ասաց Աղասյանը։
Ամերիաբանկի մանրածախ բանկային ծառայությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն իր հերթին նշեց, որ բանկը փորձում է հիմնականում սպասարկել ծառայությունների աճող պահանջարկն էլեկտրոնային ճանապարհով։
Նրա խոսքով, Ամերիաբանկն արդեն հաշվի հեռահար բացման, բիզնեսի և ֆիզիկական անձանց համար որոշ վարկատեսակներ առցանց ստանալու հնարավորություն է ընձեռում, սակայն զուգահեռ դրան շարունակում է նաև զարգացնել իր մասնաճյուղային ցանցը։
«Քանի դեռ մեր հաճախորդները լրացուցիչ մասնաճյուղերի կարիք ունեն, ապա մենք նոր ստորաբաժանումներ կբացենք։ Օրինակ, 2019 թվականի սկզբին մենք մասնաճյուղ կբացենք Աբովյանում, ինչպես նաև 2-3 մասնաճյուղ` տարվա ընթացքում»,– ասաց Բարսեղյանը։
Նա հայտնեց նաև, որ նոր մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան բանկի հաճախորդներ` Նոր Նորքի մասնաճյուղում հաշիվներ բացելով մինչև 2019 թվականի մարտի 1–ը։
Մասնավորապես, մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններում հետևյալ ծառայությունները։ Իրավաբանական անձի համար նոր հաշիվ բացելու դեպքում կտրամադրվի անվճար սպասարկում տարվա ընթացքում Ամերիա օնլայն/մոբիլ բանկինգ համակարգում։
Հաճախորդներին կտրամադրվի նաև Business քարտ մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։
Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ։ Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–