Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Կասեցվել է «Արզնի» կաթնամթերքի երեք արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

01.12.2025, 16:23
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար
Կասեցվել է «Արզնի» կաթնամթերքի երեք արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ) (արտադրված 06․11․2025թ.), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր (արտադրված 06․11․2025թ.), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթմնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: 

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: