Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով կաջակցի կոնյակագործներին ու գինեգործներին
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած հերթական նիստի ըթնացքում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որն ուղղված է խաղողի մթերումներին և գինեգործության ու կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները լուծելուն:
Կառավարությունը նշված ընկերություններին կտրամադրի սուբսիդավորվող վարկեր:
Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվողտնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
Նախագիծը զեկուցել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է, որ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել այդ ոլորտների կազմակերպությունների գործունեության արդյունքների վրա, արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն էլ ազդել է նաև վաճառքների ծավալների վրա:
Ինչպես նշվում է միջոցառման նախագծում, օժանդակության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելուհամար։
«Մենք ունենք պաշտոնապես հաստատված վիճակագրական տեղեկություններ, որ թե՛ արտահանման թվերի, թե՛ ներքին շուկայում իրացման ծավալների՝ ավելի քան 30 տոկոսով անկումներ են արձանագրված: Առանձին կազմակերպությունների մոտ, որոնք որոշակի որակական սեգմենտում են գործում, նույնիսկ ավելի մեծ անկումներ են արձանագրվել»,- հայտնել է Խաչատրյանը՝ նշելով, թե կազմակերպությունների վրա դա ազդեցություն է թողել երկու առումով:
«Նախ՝ որ ընթացիկ դրամական եկամուտները նվազել են, որովհետև վաճառքներն են նվազել, և երկրորդn այն առումով, որ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով ֆինանսական կազմակերպությունները, բանկերը ավելի զգուշավոր են այդ կազմակերպությունների հետ հարաբերություններում և ավելի մեծ դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոնը միասին կազմակերպությունների մոտ առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների որոշակի դեֆիցիտ»,- հայտնել է Խաչատրյանը:
Նա ընդգծել է նաև այն հանգամանքը, որ դժվարություններն առաջացել են այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են:
«Իսկ մենք ունենք տեղեկություններ, որ այս տարի խաղողի բերքը զգալիորեն ավելի բարձ է լինելու, քան նախորդ մի քանի տարիների ընթացքում»,- նշել է նա:
«Մեր գործիքակազմը մթերումների շրջանում մթերող կազմակերպություններին՝ կոնյակի և գինու գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկերի հատկացումն է: Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ, վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները և կոնյակագործ կամ գինեգործ կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,- հայտնել է նախարարը:
Որոշման համաձայն՝ ներկայումս 18 ամիս սահմանված վարկի սուբսիդավորման առավելագույն ժամկետը կդառնա 24 ամիս, վարկի առավելագույն սահմանաչափը մեկ կազմակերպության հաշվով ներկայում սահմանված 1.8 միլիարդ դրամի փոխարեն կդառնա 3 միլիարդ դրամ, վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը կսահմանվի 3-6 ամիս:
Որոշման նախագծին մանրամասն կարող եք ծանոթական կառավարության պաշտոնական կայքում(39-րդ կետ): -0-