ՀԿԵ–ի Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի աշխատանքը կվերսկսվի հունիսի 15–ից
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:
Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Նախորդ տարվա համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը մայիսին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-