Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ–ում 2027թ․–ից կարգելվի միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը․ ԱԺ–ն ընդունեց օրենքի փոփոխությունները

Այսօր, 16:51
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի օբյեկտներում դրանց օգտագործման արգելքը
ՀՀ–ում 2027թ․–ից կարգելվի միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը․ ԱԺ–ն ընդունեց օրենքի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի օբյեկտներում դրանց օգտագործման արգելքը:

ԱԺ–ն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունները։

Արգելքը կգործի նաև շարժական առևտրի կետերի, տոնավաճառների և մանրածախ առևտրի նկատմամբ: Բացառությունը տարածվում է ապրանքների կշռման և փաթեթավորման համար նախատեսված տոպրակների, ինչպես նաև երկրորդային հումքից պատրաստված աղբի տոպրակների վրա:

Բացի այդ, կարգելվեն նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակները: Որպես այլընտրանք առաջարկվում է թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակների կիրառումը:

Փոփոխություններով նախատեսվում է նաև նշված օբյեկտներում միանգամյա օգտագործման պլաստիկե և պենոպոլիստիրոլե տարաների ու սպասքի վաճառքի և օգտագործման արգելք:

Արգելքները խախտած տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն վարչական պատասխանատվության. առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, կրկնվելու դեպքում՝ տուգանք 100-150 հազար դրամի չափով: Ներկայումս տուգանքը կազմում է 30-100 հազար դրամ:

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքը՝ բացառությամբ ապրանքների կշռման համար նախատեսված՝ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: