Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը մեծ համերգ կտա իր հոբելյանի առթիվ

25.01.2016, 17:47
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկուշաբթի տոնում է իր տասնամյա հոբելյանը, որը կնշանավորվի մեծ համերգով աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:
ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը մեծ համերգ կտա իր հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկուշաբթի տոնում է իր տասնամյա հոբելյանը, որը կնշանավորվի մեծ համերգով աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ, լրագրողներին ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Համերգը կկայանա երկուշաբթի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլայի և Նիկոլա Պրովանիի ստեղծագործությունները։ Համերգի դիրիժորների թվում կլինեն Քշիշտոֆ Պենդերեցկի և Սերգեյ Սմբատյանը, մենակատարները` Յուկա Յուբո, Հայկ Ղազազյան, թավջութակահարներ` Աստրիգ Սիրանոսյան, Նարեկ Հախնազարյան, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկի, ակորդեոնահար–բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի։

«Մենք շատ ենք հուզվում, քանի որ դժվար է տասնամյա գործունեության արդյունքներ ամփոփել։ Այնուամենայնիվ, այն, որ մեր համերգին մասնակցում են աշխարհը փոխող մարդիկ, վկայում է այն մասին, որ նվագախումբը ճիշտ է զարգանում»,– ասաց Սմբատյանը։ 

Ըստ նրա, Պենդերեցկու հետ ելույթը նվագախմբի համար մեծ պատիվ է։ 

«Մեր նվագախումբը թիմ է, որը փորձում է նոր գաղափարներ մարմնավորել։ Մենք ակտիվ աշխատում ենք, այս տասը տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ Կարծում եմ, որ տասնամյա հոբելյանն ամենակարևորն է ցանկացած նվագախմբի կյանքում»,– ասաց Սմբատյանը։ 

Նա հայտնեց, որ մարտից կսկսվի նվագախմբի վերակազմավորում, երաժիշտները մեծ ծրագրեր և շատ աշխատանք ունեն անելու։ 

Աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պոնդերեցկին իր հերթին շնորհավորեց նվագախմբին և բարձր գնահատեց կոլեկտիվի անցած ճանապարհը։ 

«Սերգեյը հիանալի նվագախումբ է ստեղծել։ Արդեն մի քանի անգամ ելույթ եմ ունեցել տարբեր հայ երաժիշտների հետ։ Կարևոր է, որ այսպիսի նվագախումբը գոյություն ունի և զարգանում է»,– ասաց Պենդերեցկին։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնվել է 2006 թվականին Սերգեյ Սմբատյանի կողմից։ 2007 թվականից Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է, 2009 թվականից` Երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիայի անդամ։ -0-