ՀՀ-ի շուրջ 600 հազ. քաղաքացիների կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 հազ. դրամով. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 հազար դրամով։
Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում նախատեսվում է կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացում:
Նշելով, որ ծրագրի շահառու է ընդհանուր առմամբ 660 հազար քաղաքացի՝ Թորոսյանը պարզաբանել է, որ որոշ կատեգորիաների համար կենսաթոշակները կավելանան 10 հազար դրամից ավելի:
«Օրինակ՝ երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, կերակրողին կորցրած անձանց, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար աճը կկազմի 15 հազար դրամ, 20 հազար դրամ, քիչ դեպքերում՝ 50 հազար դրամ», - ասել է նախարարը՝ հավելելով, որ այն եզակի դեպքերում, երբ կենսաթոշակի չափը գերազանցում է 90 հազար դրամը, աճը կկազմի 5-7 հազար դրամ:
Ըստ Թորոսյանի՝ միջին կենսաթոշակը չպետք է ցածր լինի սպառողական զամբյուղից, որի չափը 2025 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 61,8 հազար դրամ: Նա պարզաբանել է, որ եթե այժմ միջին կենսաթոշակը 49,5 հազար դրամ է, ապա բարձրացումից հետո այն կհասնի 59,2 հազար դրամի:
Խոսելով հետվճարի (քեշբեքի) համակարգի մասին՝ նախարարը նշել է, որ եթե 2025 թվականի դեկտեմբերին հետվճար էր ստանում 400 հազար կենսաթոշակառու, ապա ընթացիկ տարվա հունվարին նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 415 հազարի:
Կենսաթոշակների և նպաստների հետվճարի (քեշբեք) մասին
2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար գործում է գնումների ու կոմունալ վճարումների անկանխիկ վճարման դիմաց հետվճարի ծրագիր։ Կառավարության որոշմամբ՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ի սկզբանե հետվճարը կազմում էր ամսական ծախսված գումարի 10%-ը (բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամ ամսական), ավելի ուշ՝ 12% (ոչ ավելի, քան 6 հազար դրամ)։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացել է մինչև 20%։ Վճարումներն իրականացվում են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։