Հայտնի են #COP17-ի անցկացման օրերը. ՀՀ-ում կանցկացվի բնապահպանական մեծ համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թ.-ի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ #COP17-ը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ»,-ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը կարևորել է այս իրադարձությունը՝ անվանելով այն պատմական Հայաստանի համար՝ հաստատելու մեր տեղը որպես պատասխանատու, նախաձեռնող և գործուն գործընկեր գլոբալ բնապահպանական գործընթացներում։
«Մեր երկրին վստահվել է կարևոր առաքելություն՝ #COP17-ը գալիս է Հայաստան»,-ընդգծում են գերատեսչությունից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել էր համաժողովին՝ նշելով.
«Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ առաջ մղելու կենսաբազմազանության պահպանման ջանքերը»,-գրել է նա։