Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում օնլայն տաքսու վարորդները 2027 թ.-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. նախարար

02.04.2026, 16:10
ՀՀ-ում տաքսու վարորդները 2027 թ.-ից կդառնան առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Հայաստանում օնլայն տաքսու վարորդները 2027 թ.-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տաքսու վարորդները 2027 թ.-ից կդառնան առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շահառու կդառնան էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք»,- նշել է Ավանեսյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում:

Նրա խոսքով՝ դա առաջարկվել է հենց տաքսիստների կողմից. 2027 թ.-ի հունվարի 1-ից արդեն ապահովագրված անձինք հնարավորություն կունենան ծրագրում ներառել նաև իրենց հետ փոխկապակցված անձանց:

ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին

2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված է 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։   

Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։

2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։