Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի կարևոր մշակութային օբյեկտները չպետք է «վիզ ծռեն» տարբեր միջազգային կազմակերպությունների առջև

29.08.2019, 16:41
Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ թե «վիզ ծռեն», հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կարևոր մշակութային օբյեկտները չպետք է «վիզ ծռեն» տարբեր միջազգային կազմակերպությունների առջև

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ թե «վիզ ծռեն», հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 2019 թվականի օգոստոս–դեկտեմբերի պարգևավճարների համար 57.8 մլն դրամ հատկացնել։

Ինչպես նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մինչև 2018 թվականի մայիսի 1–ը երգչախմբի մասնակիցների հավելավճարները տրվել են «Լույս» հիմնադրամի միջոցներից, իսկ դրա փակումից հետո միջոցները հատկացրել է մշակույթի նախարարությունը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

 

«Այժմ միջոցները կհատկացվեն պետբյուջեից, և զուգահեռ մենք ուսումնասիրում ենք նաև նմանատիպ այլ կոլեկտիվների ֆինանսական վիճակը նրանց կայուն գործունեության ապահովման համար»,– ասաց Հարությունյանը։
Այս կապակցությամբ վարչապետը նշեց, որ նման կառույցների ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներով սկզբունքային հարց է պետության համար։


«Ինչու՞ Ազգային նվագախումբը կամ Ազգային երգչախումբը պետք է ֆինանսավորվեն բարերարների կողմից։ Պետությունը պետք է ընդունի և կատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի բյուջեում այդ հարցը պետք է լուծվի, և մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի կարևոր մշակութային օբյեկտները «վիզ ծռեն» տարբեր միջազգային կազմակերպությունների առջև»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, ոև արվեստը և մշակույթը պետք է դիտարկվեն որպես տնտեսության մի ոլորտ, որը ֆինանսավորում է պետությունը։

Տվյալ ոլորտում, նրա խոսքով, պետք է խնդիր դնել, որ ստեղծագործական կոլեկտիվները, թատրոնները և թանգարաններն ավելացնեն իրենց եկամուտները։

«Դա չի նշանակում, որ նրանք պետք է շահութաբեր դառնան, թեև դա էլ պետք է լինի, բայց այժմ կարևոր է, որ նրանք ավելացնեն իրենց եկամուտները, տան նման կառույցների ղեկավարության գործունեության հստակ գնահատականներ։ Սա ռազմավարական մոտեցում է, անբաններ չպետք է լինեն»,– ասաց Փաշինյանը։ -0-