Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո. ՀԲ ներկայացուցիչ

07.05.2013, 14:31
Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո, երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ծրագրերի գլխավոր մասնագետ Նաիրա Մելքումյանը։
Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո. ՀԲ ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո, երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ծրագրերի գլխավոր մասնագետ Նաիրա Մելքումյանը։

«Սկսած 2005 թվականից, երբ Հայաստանը միացավ Բոլոնյան կոնվենցիային, հանրապետության բարձրագույն կրթության բարեփոխումների ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել և համապատասխան նախադրյալներ են ստեղծվել այդ համակարգի կայացման համար»,– ասաց Մելքումյանը` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները» համաժողովի բացմանը։

Նա ընդգծեց նաև, որ Համաշխարհային բանկը մտադիր է շարունակել օժանդակություն ցուցաբերել Հայաստանին կրթական բարեփոխումների անցկացման հարցում։

Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ, չնայած հոռետեսական տրամադրվածությանը, որ նկատվում էր Հայաստանի որոշ հասարակական շրջանակներում Բոլոնյան կոնվենցիային միանալու ժամանակ, կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացը բավականին հաջող է ընթանում։

«2005 թվականին կրթության ոլորտի որևէ ներկայացուցիչ չէր կարող ենթադրել, որ ընդամենը յոթ տարի անց մեր բարձրագույն կրթության ոլորտը, ինչպես նաև Հայաստանն այդքան մեծ ճանաչում կվայելեն եվրոպական բարձրագույն կրթության գոտում»,– ասաց նա։

Որպես Հայաստանում կրթական բարեփոխումների հաջող իրականացման ապացույց` նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2012 թվականին Հայաստանին են փոխանցվել Բոլոնյան գործընթացի քարտուղարության ձևավորման գործառույթները։ «Այդ պատիվը մեր երկիրը վաստակել է, այդ թվում` այդ ոլորտի հետևողական բարեփոխումների շնորհիվ»,– ավելացրեց նա;

Նա միաժամանակ ընդգծեց, որ կրթական բարեփոխումների գործընթացը Հայաստանում շարունակում են բախվել մեծ դիմադրության, որը, նրա խոսքով, թուլացնում է բարեփոխումների ուժը և բացասաբար է անդրադառնում այդ գործընթացին։

Համաշխարհային բանկի և Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված մեկօրյա համաժողովի հիմնական նպատակը Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումների քննարկումն է` Բոլոնյան կոնվենցիային համապատասխան։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին՝ իր վրա պարտավորություն վերցնելով՝ մինչև 2010 թ.-ը դրա պահանջներին համապատասխանեցնելու բուհական և հետբուհական կրթությունը։ Ներկայում Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Բոլոնյան գործընթացը Եվրոպայի երկրների կրթական համակարգերի մերձեցման և համադաշնեցման գործընթաց է` բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածության ստեղծման նպատակով։ 1999 թվականի հունիսի 19–ին Իտալիայի Բոլոնիայում հատուկ համաժողովի ընթացքում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարներն ընդունել են «Եվրոպական բարձրագույն կրթության գոտի» կամ Բոլոնյան հռչակագիրը։ -0-