Հաստատվել է Ակադեմիական քաղաքի լրամշակված հայեցակարգը. շինարարությունը կմեկնարկի 2027թ.-ից
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը։
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գերմանական GmbH կազմակերպությունն արդեն մշակել է գլխավոր հատակագիծը, իսկ մեկ այլ գերմանական ընկերություն՝ քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը։
Նախարարը տեղեկացրել է, որ իտալական Systematica ընկերությունը իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրություն, TUM International-ը՝ մշակել է տեխնոլոգիական կլաստերի և կառավարման համակարգը։
«Ներկայումս Ernst & Young կազմակերպությունն ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով», - ասել է նախարարը։
Անդրեասյանը հայտնել է նաև, որ հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացվում են կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման աշխատանքներ, ինչպես նաև արդեն իսկ բանակցություններ են ընթանում Քեմբրիջի հետ՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավվելու համար։
Նախարարի խոսքով՝ վերանայված հայեցակարգով սահմանվում են քաղաքի տեսլականը, կլաստերների մոդելները և ենթակառուցվածքները։
Ծրագրի շրջանակում կմեկնարկի նաև «Տաղանդների զարգացման ծրագիրը», որի առաքելությունն է բացահայտել և զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով սեփական երկրում բարեկեցություն ապահովելու անհատի հնարավորությունները։
Անդրեասյանը հայտնել է, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից։ Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ, ավելի քան 74,000 մ² մակերեսով բազմաֆունկցիոնալ համերգասրահ ու համաժողովների կենտրոն, ինչպես նաև շուրջ 628,000 մ² ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստեր՝ իր հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով։