Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1- 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 28-ին և 30-31-ին, օգոստոսի 1 -2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։