Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Շուրջ 3,5 հազար դիմորդ ընդունելության հայտ է ներկայացրել Երևանի պետական համալսարան

23.06.2015, 15:26
Շուրջ 3,5 հազար դիմորդ ընդունելության հայտ է ներկայացրել Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), երեքշաբթի լրագրողներին հաղորդեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը։
Շուրջ 3,5 հազար դիմորդ ընդունելության հայտ է ներկայացրել Երևանի պետական համալսարան
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 3,5 հազար դիմորդ ընդունելության հայտ է ներկայացրել Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), երեքշաբթի լրագրողներին հաղորդեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը։

Հունիսի 1–ին Հայաստանում ավարտվել է բուհեր ընդունելության հայտերի ընդունման առաջին փուլը։

«Առաջին փուլի տվյալներով` ԵՊՀ հայտ է ներկայացրել 3448 դիմորդ։ Միասնական պետական քննության երկրորդ փուլի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 24-30–ին»,– ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 2015թ.–ին դիմորդների թիվը կրճատվել է, այդուհանդերձ, ԵՊՀ դիմորդների թիվը տոկոսային հարաբերակցությամբ շատ չի փոխվել անցյալ տարվա համեմատ (2014թ.–ին` 3601 դիմորդ)։

«Այդ փաստն ուրախացնում է և վկայում այն մասին, որ ԵՊՀ–ն տրամադրում է որակյալ կրթություն` ժամանակակից չափանիշներին համապատասխան»,– հավելեց Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ ամենաշատ հայտեր են ներկայացվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ` 310 մարդ, ինչպես նաև դիմորդները նախընտրություն են տվել «Միջազգային հարաբերություններ» և «Հանրային կառավարում» ֆակուլտետներին։

«Երկրորդ փուլի ավարտին` հուլիսի 15-20–ին, տեղի կունենա ընդունելության հայտերի ընդունման երրորդ` լրացուցիչ փուլը։ Իրենց հայտերում կոնկրետ ֆակուլտետների անուններ չնշած և դրական միավորներ ունեցող դիմորդները կարող են ընդունելության հայտեր ներկայացնել այն ֆակուլտետների համար, որտեղ կմնան թափուր տեղեր»,– ընդգծեց Մանուկյանը։

Հունիսի 2–ին մեկնարկել են հետևյալ առարկաների միասնական պետական քննությունները (ՄՊՔ)`«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» , «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)։ Հունիսի 5–ին կայացել են «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9–ին` «Ֆիզիկա», հունիսի 12–ին` «Օտար լեզուներ», հունիսի 16–ին` «Մաթեմատիկա», հունիսի 19–ին` «Քիմիա» և «Հայոց պատմություն», իսկ հունիսի 23–ին` ՄՊՔ հանձնելու վերջին օրը, «Ռուսաց լեզվու և գրականություն» առարակաների քննությունները։

Ընդհանուր առմամբ, ՄՊՔ հանձնելու համար գրանցված է 11 հազար դիմորդ Հայաստանից և շուրջ 800` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Երևանում և երկրի բոլոր մարզերում արդեն ստեղծվել են 34 քննական կենտրոններ, որոնք համալրված են տեսախցիկներով։

ՄՊՔ–ն Հայաստանում  միաժամանակ դպրոցական ավարտական քննություն է և բուհի ընդունելության քննություն։

Ինչպես նշվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության կայքում, երկրում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։-0-