Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ

27.11.2012, 14:18
ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, աճյունի տեղափոխման և հուղարկավորության հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ.–ի փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1973թ.-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991թ.-ին մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:

2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ.-ի Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:--0-