Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Փառատոն Տաթևում։ Ե՛վ ոչխարներն են ողջ, և՛ գորգն է գործված

05.05.2014, 20:02
Հայաստանում փառատոները նոր երևույթ չեն, և տարեցտարի դրանց թիվը երկրում ավելի ու ավելի է մեծանում։ Բացի սովորական դարձած երաժշտական, թատերական և կինոփառատոներից, համաժողովրդական սեր են վայելում ազգային կերակրատեսակների, խմիչքների, ավանդույթների և հայերի սովորույթների հետ կապված փառատոները։
Փառատոն Տաթևում։ Ե՛վ ոչխարներն են ողջ, և՛ գորգն է գործված
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փառատոները նոր երևույթ չեն, և տարեցտարի դրանց թիվը երկրում ավելի ու ավելի է մեծանում։ Բացի սովորական դարձած երաժշտական, թատերական և կինոփառատոներից, համաժողովրդական սեր են վայելում ազգային կերակրատեսակների, խմիչքների, ավանդույթների և հայերի սովորույթների հետ կապված փառատոները։

Նմանատիպ միջոցառումների շարքում առաջինը դարձավ ամեն տարի սեպտեմբերին գեղատեսիլ Ախթալայում անցկացվող խորովածի «բուրումնավետ» փառատոնը, հետո  Մուսալեռում կազմակերպվեց հարիսայի հայտնի փառատոնը։ Հայաստանում նաև անցկացվում են թոնրի, մեղրի և հատապտուղների, «Հացը լեռներում» փառատոներ։

Ավանդական են դարձել հոկտեմբերին անցկացվող գինու փառատոնն Արենիում, հայկական տոլմայի փառատոնը` Սարդարապատում, իսկ այս տարի ցանկում ավելացել է նաև ձկից պատրաստած կերակրատեսակների առաջին փառատոնը։

Թվում էր, թե փառատոների այսպիսի առատությունը պետք է փառատոների առատությունից շփացած բնակիչներին որևէ բանով չզարմացներ, սակայն «Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների կազմակերպած միջոցառումներն ապացուցեցին հակառակը։

Մայիսի 3–ին աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղու Հալիձոր կայարանում անցկացվեց ոչխարների խուզման առաջին փառատոնը։ Այդ միջոցառման ծանուցման առաջին իսկ օրվանից այն մեծ իրարանցում առաջացրեց, այդ պատճառով կազմակերպություններն ակնկալում էին հյուրերի մեծ հոսք, և նրանց սպասումներն իրականացան։

1fest.jpg2fest.jpg
«Այցելուների թիվն օրվա ընթացքում պետք է մինչև հինգ հազար կազմեր, հաշվի առնելով, իհարկե, նաև տեղի բնակիչներին, քանի որ մենք կազմակերպել ենք փառատոնը, նախևառաջ, նրանց համար։ Բայց մեծ հետաքրքրություն է նկատվում նաև այստեղ եկած զբոսաշրջիկների շրջանում»,– ասաց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը։ 
 
Арен Апикян
Ոչխարների խուզման փառատոնը, ըստ նրա, վաղուց է անցկացվում զարգացած ոչխարաբուծություն ունեցող մի շարք երկրներում, օրինակ` Իռլանդիայում, Անգլիայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում, իսկ Նոր Զելանդիայում այդ միջոցառումը նույնիսկ յուրահատուկ մարզաձև է դարձել։ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից այցելուներին և մասնակիցներին ողջունեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Серго Карапетян
«Սյունիքի մարզը մեր հանրապետության ագրարային առավել զարգացած մարզերից է, այստեղ զարգացած է ոչխարաբուծությունը։ Մեր երկրում ավանդական են դարձել մասնագիտացված փառատոները, և ես ողջունում եմ դրանք»,– ասաց Կարապետյանը` մաղթելով, որ նմանատիպ միջոցառումներին ավելի մեծ թվով մարդիկ մասնակցեն։

Ոչխարի խուզման ազգային առանձնահատկությունները

Ոչխարի խուզման փառատոնը որոշ չափով նման է, որոշ չափով էլ տարբերվում է արտասահմանում անցկացվող համանման միջոցառումներից։ Ափիկյանի խոսքով, այդօրինակ փառատոներում կենդանիներին խուզում են, որպես կանոն, էլեկտրական մեքենաներով։ «Այդպես, անշուշտ, ավելի արագ է, և հնարավոր է` ավելի կոկիկ է ստացվում, բայց կորում է ազգային բաղադրիչը։ Իսկ քանի որ Հայաստանում ոչխարներին խուզում են  բացառապես մկրատով, ապա մենք որոշեցինք, որ պետք է պահպանենք այդ ավանդույթը»,– ասաց նա` համոզմունք հայտնելով, որ այդ հմտությունը հայ վարպետներին առավելություն է տալիս արտասահմանցի մասնագետների համեմատ` ոչխարներին մկրատով  խուզելու հարցում նրանք, անկասկած, չեմպիոն են։

Овцы
Փառատոնի մասնակիցները ոչ ոքի թույլ չտվեցին, որ կասկածեն իրենց վարպետության հարցում։ Իսկ գործիքին վիրտուոզ տիրապետելու ամենադիտարժան ցուցադրությունն այն էր, որ մասնակիցներից մեկը հրաժարվեց օգտվել  կազմակերպիչների առաջարկած նոր մկրատից։   

Стрижка овец
Նա մրցույթի էր եկել հին, արդեն ժանգոտ, բայց հավատարիմ ծառայող գործիքով, որով, հավանաբար, ոչխար են խուզել նրա նախնիների մի քանի սերունդներ։ 

Մրցումների կանոնը

Խոտ, Հալիձոր և Տաթև համայնքները ներկայացնող երեք թիմերի անդամները պետք է խուզեին ոչխարներին առավելագույնը 40 րոպեում։ Ժյուրին գնահատում էր միաժամանակ ոչ միայն արագությունը, այլ նաև կենդանու մաշկի վրա կտրվածքների թիվը, ինչպես նաև հետևում էր, որ խուզած բուրդը գեղեցիկ հավաքվեր։ Բոլոր երեք պայմանների կատարման որակից կախված` մասնակիցները պետք է ստանային ոսկե, արծաթե և բրոնզե մկրատներ։

ШерстьШерсть
Բայց հանդիսատեսի համար իսկական հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն խուզման ընթացքը, այլ նաև խուզած բրդի հավաքումը, որը հենց տեղում ուղարկում էին հատուկ տաղավար, որտեղ այն մաքրում էին, սանրում, թելեր էին մանում դրանցից և գորգեր գործում։ 

Хефферн
Ինչպես և խոստացել էին կազմակերպիչները, փառատոնի հանդիսատեսն ու մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց ուժերը փորձել ոչխար խուզելու գործում։ Այդպիսի համարձակներից մեկն էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։

«Ես սիրում եմ Սյունիքի մարզը և մի քանի անգամ եղել եմ այստեղ։ Այդ պատճառով, լսելով փառատոնի մասին, որոշեցի անպայման մասնակցել և օգտվել այստեղ այցելելու հնարավորությունից։ Ես երբեք ոչխար չեմ խուզել, բայց հույս ունեմ այսօր կունենամ այդ հնարավորությունը»,– ասաց դեսպանը փառատոնի մեկնարկից առաջ և իսկապես հաջողությամբ մի փոքր բրդի հատված խուզեց կենդանուց։

Տոն` տեղի բնակիչների համար

Ընդհանուր առմամբ, փառատոնը հիանալի հարթակ է ժողովրդական արվեստի ու արհեստի ստեղծագործությունները ներկայացնելու համար` յոթ մերձակա համայնքների բնակիչները տոնի մեկնարկից առաջ հուշանվերներ և ձեռքի աշխատանքներ էին պատրաստել` թխվածքից մինչև ոչխարի ուրվագծեր ունեցող կամ խորհրդանիշներով աթոռակներ։ Եվ նույնիսկ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի տնօրենը և Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոտի Սթրայթը` Հայաստանում այդ փառատոնի անցկացման գաղափարի հեղինակը, այդ օրվա առթիվ հատուկ պատրաստած գառնուկներով փողկապ–թիթեռնիկ էր կապել։  

Тимоти Страйт
«Ինձ շատերը ճանաչում են որպես այսպիսի խենթ գաղափարների հեղինակ։ Բայց, իհարկե, նման փառատոներն օգնում են, որ տեղի բնակչությունը մասնակցի դրանց, ինչը նպաստում է համայնքների զարգացմանը։ Այդ փառատոնի անցկացման գաղափարը ծնվել է ընդամենը 5 րոպեում, բայց ամիսների աշխատանք է պահանջվել այն իրականացնելու համար»,– ասաց Սթրայթը։ 

Փառատոները, նրա կարծիքով, հաղորդակցման և տարածաշրջանի, երկրի և ամբողջ աշխարհի բնակիչներին տարբեր համայնքների սովորույթներն ու ավանդույթները ներկայացնելու հրաշալի միջոց են։ «Եթե հարցնես մարդկանց, թե ինչ է Տաթևը, նրանք կասեն, որ դա վանք է ու ճոպանուղի։ Բայց Տաթևն իր մեջ այնքան հետաքրքրություն է կրում` մարդիկ այստեղ հիանալի սնունդ են պատրաստում, ձեռքի զարմանահրաշ աշխատանքներ են պատրաստում։ Առանձին ուշադրության են արժանի հնագույն գյուղերը` Հալիձորը և Բարձրավանը, որոնք սպասում են, թե երբ այստեղ կգան մարդիկ և իրենց համար կբացահայտեն այս վայրերը»,– ակնհայտ հիացմունքով նշեց Սթրայթը։

Ручная работа
Սթրայթի ասածը կյանքի է կոչում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, որը բացի նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց, զբաղվում է նաև Տաթև վանական համալիրի և հարակից հնագույն բնակավայրի վերականգնմամբ։ 

архимандрит Микаэл Геворгян
Աշխատանքային այս մեծ ծովի առաջին կաթիլն է դարձել հնագույն ձիթհանը, որը, ինչպես և Տաթևի մյուս մարգարիտները, ներկայացնում է Տաթևի վանքի վանահայր Միքայել Գևորգյանը։ 

маслодавильнямаслодавильня

маслодавильнямаслодавильня
Ձիթհանը մի ժամանակ բուսայուղ էր մատակարարում Տաթևի վանքի մերձակա մի քանի գյուղերին, բայց դարերի ընթացքում հնացել է։ Այն հիմնականում կտավատի ձեթ էր արտադրում, թև միջնադարյան Հայաստանում ձիթհանները ձեթ էին ստանում նաև քնջութից, կանեփից և այլ բույսերի սերմերից։ Ձիթհանի վերականգնումը հաջողությամբ ավարտվել է,  և այն կարող է նորից ձեթ մամլել ավանդական տեխնոլոգիայով։ Այն արժեքավոր է ոչ միայն որպես պատմական հուշարձան, այլ նաև որպես թանգարան, որն այցելուներին հայկական մշակութային ժառանգությանը և Տաթևի վանքի տնտեսության առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն է տալիս։ 

Татев
Բայց բարձրաբերձ Տաթևը Տաթև չէր լինի առանց իր ողջ, երբեմն սարսուռ առաջացնող գեղեցկության։ Դեռևս փառատոնի պաշտոնական մեկնարկից առաջ կազմակերպիչները մասնակիցներին ոչ միայն լավ տրամադրություն, այլ նաև լավ եղանակ մաղթեցին։ Բայց այդ մաղթանքներն իրականացան միայն մասամբ, քանի որ փառատոնային  օրվա կեսին Որոտանի կիրճի գլխին սև ամպեր կուտակվեցին, և ուժեղ քամի բարձրացավ, որը ստիպեց անհապաղ ապամոնտաժել բոլոր տաղավարները։ 

ШтормШторм

Гроза в Татеве
Լավ էր, որ տոնի հյուրերի տրամադրությունը եղանակի քմահաճույքից չփչացավ, ավելին` եղանակը հնարավորություն տվեց երկարացնել հաճույքը։ Այնպես որ, փառատոնի հաղթողների մասին հնարավոր կլինի իմանալ միայն շաբաթվա վերջում։ Ահա այսքան անկանխատեսելի են Հայոց լեռներն իրենց շքեղությամբ և քմահաճությամբ։ -0-

Մանե Ամիրջանյան` «ԱՌԿԱ» գործակալության թղթակից