Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ կիջնի

Երեկ, 15:38
Մշակվել է շարժիչի հզորության հաշվարկման նոր, առավել օբյեկտիվ մեթոդաբանություն, ասել է ՆԳ նախարարը
Էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ կիջնի

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Էլեկտրամոբիլների գույքահարկը կտրուկ իջնում է։

Այս հարցին անդրադարձել է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ մշակվել է շարժիչի հզորության հաշվարկման նոր, առավել օբյեկտիվ մեթոդաբանություն։

Նրա խոսքով՝ այսօր շատ էլեկտրամոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լիներ, որի պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, ինչը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։

Նոր նախագծով նախատեսվում է ներկայիս առավելագույն կամ պիկային հզորության փոխարեն գրանցել արդյունավետ կամ 30-րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։

Եթե էլեկտրամոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, հիմք կընդունվի հենց այնտեղ նշված շարժիչի հզորությունը։ Էլեկտրոնային անձնագրի բացակայության դեպքում կկիրառվի հետևյալ բանաձևը. մինչև 250 ձիաուժ հզորությունը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժը գերազանցելու դեպքում՝ 250 ձիաուժը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ մնացյալ մասը` 2.5 գործակցի։

«Եթե, օրինակ, էլեկտրամոբիլը 2025թ.-ի է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, դրա համար վճարում եք 133 000 դրամ, նոր հաշվարկով կվճարեք մոտ 43 000 դրամ»,- տեղեկացրել է ՆԳ նախարարը։

Փոփոխությունը կտարածվի նաև արդեն իսկ գրանցված էլեկտրամոբիլների վրա։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից, և քաղաքացիները կկարողանան իրենց էլեկտրամոբիլների թարմացված տվյալները տեսնել Roadpolice հարթակի անձնական էջերում։