Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Դպրոցաշինությունն Արցախում պետության առաջնահերթ խնդիրներից է. ԼՂՀ ԿԳ նախարար

19.03.2013, 14:02
Դպրոցաշինությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից մեկն է, նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։
Դպրոցաշինությունն Արցախում պետության առաջնահերթ խնդիրներից է. ԼՂՀ ԿԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Դպրոցաշինությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից մեկն է, նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։

Ասրյանի խոսքով` 2013 թվականին կշարունակվեն նախորդ երկու տարիներին հանրապետության 33 կրթօջախներում սկսված շինարարական աշխատանքները։ Այդ հաստատություններից ութը նախադպրոցական են։

Նախարարը հայտնել է, որ ԼՂՀ նախադպրոցական հաստատություններում սովորում են 2 հազար 996 երեխաներ, որոնցից 2 615–ը` պետական, 744–ը` մասնավոր հաստատություններում։

«Մանկապարտեզների պահանջարկը բավականին մեծ է, մասնավորապես, մայրաքաղաքում, և այդ հարցը պետության ուշադրության կենտրոնում է»,– ասել է Ասրյանը։
 
Ղարաբաղի ԿԳ նախարարը հայտարարել է, որ 2012 թվականը նշանավորվել է կրթական 12–ամյա համակարգի առաջին դիմորդների թողարկումով և դպրոցներում շախմատի` որպես պարտադիր առարկայի դասավանդմամբ։

«Վերլուծությունը ցույց է տվել, որ ընտրվել է ճիշտ քաղաքականություն, մասնավորապես, ավագ դպրոցներին որոշակիորեն հաջողվել է լուծել ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված խնդիրները»,– նշել է Ասրյանը, ավելացնելով, որ Արցախի պետհամալսարան և Հայաստանի բուհեր ընդունվածների 63 տոկոսը` ավագ և հոսքային դպրոցների շրջանավարտներ են։

Նա հայտնել է նաև, որ 2012 թվականին լուրջ ուշադրություն է դարձվելու մասնագետների վերապատրաստմանը։

«Գործող օրենսդրության համաձայն, անցկացվում է ուսուցիչների պարտադիր ատեստավորում, և յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ատեստավորում անցնի հինգ տարին մեկ անգամ։ Նախորդ տարի առաջին անգամ անցկացվել է նախաատեսատվորման վերապատրաստում 848 ուսուցիչների մասնակցությամբ»,– ասել է Ասրյանը` հայտնելով, որ այս օրերին հանրապետությունում անցնում է ուսուցիչների վերապատրաստում։

Նախարարը նշել է, որ սովորողների ընդունակությունների և հմտությունների բացահայտման նպատակով անցկացվում են զանազան մարզական և ռազմամարզական մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, առարկայական օլիմպիադաներ։

«2012 թվականին 11 առարկաներից անցկացված օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք են ստացել 9-12–րդ դասարանների 315 աշակերտներ, որոնցից 104–ը զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել խրախուսանքի։ Պարգևատրվել են նաև այն աշակերտների 38 ուսուցիչները, ովքեր առավել բարձր արդյունքներ են ունեցել։ 41 մասնակից ստացել է օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք Հայաստանում, ինչի արդյունքում 21 սովորող արժանացել է տարբեր աստիճանի դիպլոմների»,– ասել է Ասրյանը։
-0-